Մեկնարկեց Կոմկուսի՝ նվագախմբով ուղեկցվող մայիսմեկյան ավանդական երթը (տեսանյութ)
Քիչ առաջ Երևանում, Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքից, մեկնարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած աշխատավորների մայիսմեկյան ավանդական տոնին նվիրված քայլերթը:
Նվագախմբով ուղեկցվող երթը գլխավորում են ՀԿԿ առաջնորդները, որոնց հետևում են ոչ միայն տարիքով կոմունիստները, այլև պատանի «հոկտեմբերիկներն ու պիոներները»՝ կարմիր դրոշներով ու ժապավեններով:
Քայլերթի մասնակից պիոներներից 14-ամյա Սարգիսը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, որ իրեն բախտ չի վիճակվել ապրել խորհրդային տարիներին ու լինել իսկական պիոներ և նշում է՝ հպարտ կլիներ, եթե լիներ:
Նվագախումբը, կոմունիստների ներկայացմամբ, «քաղաքային պիոներ-պալատի նվագախումբն է»:
Ի դեպ, խորհրդային բոլոր պիոներ-պալատները վերափոխվել են Հայորդաց տների:
Կոմունիստների մայիսմեկյան երթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Ստեփան Շահումյանի արձանի մոտ, որտեղ Կոմկուսի առաջնորդները ծաղիկներ կդնեն արձանին, այնուհետ հավաքվածներին կոչով կդիմի ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:









