Հաջորդը Թեղուտն է, կամ մի եռամսյա հաղթանակի պատմություն
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ և ծանոթանալով կրպակների ապամոնտաժման խնդրին՝ հորդորել քաղաքապետին հնարավորինս սեղմ ժամանակում կազմակերպել ապամոնտաժումը։ Tert.am-ը առանձնացրել է պուրակից կրպակների ապամոնտաժման համար սկսված պայքարի առավել ուշագրավ պահերը։
2011թ-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնեց Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման ծրագիրը: Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված առաջին ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը շարունակելու է այդ աշխատանքները, և որ Աբովյան փողոցի մայթերը պետք է վերադարձնեն քաղաքացիներին։ Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման աշխատանքը սկսվեց սույն թվականի հունվարի 18-ից: Կարճ ժամանակ հետո պարզվեց, որ կրպակները տեղափոխվել են մեկ այլ հանրային տարածք՝ Մաշտոցի պողոտայի, Արամի և Բյուզանդի փողոցներին հարող խաղահրապարակում: Պայքարի ընթացքում այդ տարածքը ստացավ Մաշտոցի այգի անունը:
«Մենք ենք մեր քաղաքի տերը» , «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները և բոլոր նրանք, ովքեր անտարբեր չէին կանաչ տարածքների ոչնչացման նկատմամբ առաջին բողոքի ակցիան նախաձեռնեցին հունվարի 30-ին:
Բողոքի ակցիաներին հաջորդեց ակտիվիստների 24-ժամյա նստացույցը, որը սկսվեց փետրվարի 11-ից: Ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այն կշարունակվի միչև մարտի 16՝ պահանջելով այդ ժամակահատվածում ապամոնտաժել կրպակները:
Սակայն մարտի 15-ին կառավարությունը իր նիստում հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը: Իսկ վերը նշված ծրագիրը Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքերով կիրականացվի մոտ 3-4 տարի հետո: Չնայած կառավարության որոշմանը՝ բնապահպան ակտիվիստները չդադարեցրին իրենց շուրջօրյա նստացույցը:
Նշենք, որ մարտի 8-ին Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները, ձևավորել էին «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»: Քաղաքացիական դատարանը մարտի 17-ի վճռով պահանջ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները և տարածքը օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Սակայն քաղաքապետարանից արձագանք չեղավ: Նույն դատարանի իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությամբ՝ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից անկախ ձևավորվեց քաղաքացիների մի խումբ՝ բրիգադ, որը ցանկություն հայտնեց սեփական ուժերով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները: Բրիգադում ներգրաված էին գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ:
Որոշ ժամանակ անց՝ ապրիլի 6-ին Գիշերային նստացույցը դադարեցվեց՝ նախաձեռնության խոսքերով ուժերը մոբիլիզացնելու նպատակով:
Նշենք, որ ակտիվիստների պայքարի ամբողջ ընթացքում անմասն չէր ՀՀ ոստիկանությունը, որտեղ ակտիվիստներին հսկում էր անձամբ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Երեք ամիս տևած պայքարի ընթացքում ակտիվիստները մի քանի անգամ բախում ունեցան ոստիկանություն հետ: Դրանք հիմանականում վերաբերում էին այգում վրանի տեղադրմանը՝ գիշերելու նպատակով, ինչը ոստիկանները թույլ չէին տալիս:
ՀՀ ոստիկանության և ակտիվիստների վերջին բախումը տեղի ունեցավ օրեր առաջ՝ ապրիլի 29-ին: Պատճառներից մեկը կրկին վրանի տեղադրումն էր և բրիգադի սկսած աշխատանքնրը:
Ուղիղ երեք ամիս տևած պայքարը ավարտվեց բնապահպան ակտիվիստների հաղթանակով: Այսօր՝ մայիսի 1-ին ՀՀ նախագահը այցելել է Մաշտոցի այգի և քաղաքապետին առաջարկել է ապամոնտաժել կրպակները:
Բնապահպանները հայտարարում են, որ հաջորդը Թեղուտն է։









