«Բարգավաճ Հայաստանը» ՀԿ-ներին չի օգտագործում, ասում է Նաիրա Զոհրաբյանը

18:24 • 01.05.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ հասարակական կազմակերպությունների հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցությունը որևէ կապ չունի նախընտրական գործընթացների հետ:


«Հասարակական սեկտորը մեր հասարակության ակտիվ մասն է և, բնականաբար, իրենք նույնպես իրավունք ունեն քաղաքական դիրքորոշում ունենալ: Երեկ մոտ 300-ի հասնող ՀԿ-ներ հայտարարեցին Հանրապետական կուսակցությանը սատարելու մասին: Նույն տրամաբանությամբ պետք է ասել, որ ՀՀԿ-ն էլ է փորձում օգտագործել հասարակական սեկտորը»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:


Նա նաև նշեց, որ, հետևապես, նորմալ է վերաբերվում որոշ ՀԿ-ների կողմից արդեն հնչեցրած հայտարարությանը՝ ՀՀԿ-ին աջակցելու մասին:
Հիշեցնենք, որ օրերս Ծաղկաձորում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցային համալիրում, տեղի է ունեցել «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության կազմավորման խնդրում» միջազգային համաժողովը, որը նախաձեռնել էր Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որի ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է:


Որոշ լրատվամիջոցներ արձանագրելով սույն փաստին, նկատել էին, թե համաժողովը օգտագործվել է ԲՀԿ նախընտրական քարոզի համար և որ ԲՀԿ նախագահն այս կերպ փորձում է ի նպաստ ԲՀԿ-ի օգտագործել հայաստանյան ՀԿ-ների ձայները:
Նաիրա Զոհրաբյանը բարձր գնահատելով հասարակական սեկտորի ներուժը, կարծում է, որ հենց նույն ՀԿ-ներն են, որ շատ դեպքերում հստակ կողմնորոշված հայացքներ ունեն:


«Գիտեք, որ մի քանի հարյուր ՀԿ-ներ սատարում են կոնկրետ ԲՀԿ-ին և մենք դրա համար միայն շնորհակալ ենք, քանի որ որպես շատ ակտիվ և հասարակական սեկտորում ներկայանալի ՀԿ-ներ գտնում են, որ երկիրն այս վիճակից կարող է հանել միայն ԲՀԿ-ն»,- ասաց ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը: