Առա՛ջ. Օբամայի շտաբը ներկայացրել է նախընտրական կարգախոսը (տեսանյութ)
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է առաջիկա նախագահական քարոզարշավում իրենց կարգախոսը: «Առա՛ջ» (Forward) կարգախոսը հնչել է ապրիլի 30-ին հրապարակված տեսահոլովակում:
7-րոպեանոց տեսահոլովակը սկսվում է պատմությամբ, թե ինչպիսի ծանր վիճակում էր գտնվում Միացյալ Նահանգների տնտեսությունը, երբ Օբաման 2008 թ.-ին դարձավ նախագահ: Այնուհետև ներկայացվում է Օբամայի վարչակարգի կատարած աշխատանքի, տնտեսական ու այլ ոլորտներում գրանցած նվաճումների մասին, հիշատակվում է նաև Իրաքում պատերազմի ավարտի ու «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենի ոչնչացման մասին: Իսկ վերջում հայտնվում է գրություն, որ դեռ շատ անելիք կա և «Առա՛ջ » բառը:
Huffington Post-ը` վկայակոչելով Օբամայի նախընտրական շտաբին, հայտնում է, որ այս տեսագրությունը կցուցադրվի առաջիկա շաբաթ օրը` մայիսի 5-ին Օհայո ու Վիրջինիա նահանգներում կայանալիք նախընտրական միջոցառումների ժամանակ:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն աշնանը: Դեմոկրատ Օբամայի հանրապետական մրցակցի անունը պարզ կդառնա Հանրապետական կուսակցության` օգոստոսին կայանալիք համագումարում:









