Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հպարտանում է ակտիվիստներով (տեսանյութ)
Մաշտոցի այգում այս պահին բարձր տրամադրություն է։ Բնապահպանները մեծ ուրախությամբ են նշում կրպակների ապամոնտաժման մասին որոշումը։
Բնապահպան ակտիվիստները ջերմ զրուցում են ոստիկանների հետ, որտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մելքոնյանը բնապահպան-ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց, որ հպարտ է, այսպիսի երիտասարդների համար, ովքեր իրենց իրավունքների համար կարողանում են մինչև վերջ պայքարել, ինչպես նաև նա հպարտ է, որ ՀՀ-ն ունի նման նախագահ, ինչպես Սերժ Սարգսյանն է, ով այսօր արդարացի որոշում կայացրեց:
Փոխոստիկանապետն այգում 3 ամիս ծավալվող պայքարը և դրա շուրջ ժամանակ առ ժամանակ բարձրացված աղմուկը համեմատեց կնոջ ծննդաբերության հետ, երբ ի վերջո լույս աշխարհ է գալիս երջանկությունը:
Բնապահպան–ակտիվիստ Եղիա Ներսիսյանը Ռոբերտ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե նշելո՞ւ են արդյոք այս առիթը, ինչին ի պատասխան Ռոբերտ Մելքոնյանը խոստացավ, որ կրպակների ապամոնտաժումից անմիջապես հետո «մեծ սեղան» են գցելու. «Բայց վրան չենք խփելու»,– կատակեց Մելքոնյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, ապրիլի 29-ին այգում հերթական ապամոնտաժման ակցիայի ժամանակ ոստիկանների ու բնապահպանների միջև տեղի ունեցավ բախում, որից հետո 7 ակտիվիստների բերման ենթարկվեցին ոստիկանական բաժին, ապա ազատ արձակեցին:









