Միշոն, Էմմին, Ռոլանդը, Իվետա Մուկուչյանը, DJ Սերժոն և Սուրեն Փահլևանյանը համերգով կաջակցեն Սամվել Ֆարմանյանին
Քարոզարշավի վերջին օրը երգիչներ Միշոն, Էմմին, Ռոլանդը (Ռեինկարնացիա), Իվետա Մուկուչյանը, DJ Սերժոն և Սուրեն Փահլևանյանը համերգով իրենց աջակցությունը կհայտնեն թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանին։ Այս մասին Ֆարմանյանը գրառում է արել Facebook–ի իր էջում։
«Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին: Եվս 4 օր և այն կմնա պատմության գրկում՝ իր հիշարժան ու ոչ հիշարժան բոլոր դրվագներով, ոգևորիչ և հիասթափեցնող իրադարձություններով ու զգացումներով: Իմ աջակիցների և համախոհների հետ միասին որոշել ենք ուրախ նոտայով ավարտել քարոզարշավը, ինչպես այն սկսել էինք, որոշել ենք Նոր Նորքի N 2 ընտրատարածքի երիտասարդության հետ միասին բարձր տրամադրությամբ ավարտել այն»,– մասնավորապես գրել է Ֆարմանյանը:
Վերջինս տեղեկացնում է, որ նշված օրը՝ ժամը 17:00-ից Նոր Նորքի 7-րդ զանգվածում (Հունան Ավետիսյան 52-53 շենքերի բակ կամ դեպի 8-9 զանգվածներ տանող կամրջի հարևանությամբ) տեղի կունենա սիրված երգիչներ Միշոյի, Էմմիի, Ռոլանդի (Ռեինկարնացիա), Իվետա Մուկուչյանի, DJ Սերժոյի և Սուրեն Փահլևանյանի համերգը՝ ի աջակցություն ինձ:
«Նոր Նորքի բոլոր երիտասարդներին հրավիրում եմ միասին պարելու, ուրախանալու ու ևս մեկ անգամ ամրագրելու, որ մենք քարոզարշավին հրաժեշտ ենք տալիս բարձր տրամադրությամբ, բոլորի հանդեպ հարգանքի և սիրո զգացումով, ու իհարկե, մայիսի 6-ին ՀԱՄՈԶԻՉ հաղթանակի սպասումով!!!»,– գրել է Սամվել Ֆարմանյանը։









