Ռուբեն Սադոյանին բնութագրել եմ որպես մարդ, ոչ որպես քաղաքական գործիչ. Ստյոպա Սաֆարյան

15:56 • 01.05.12

Թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ռուբեն Սադոյանի մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր խոսքն ասել է դեռ ութ ամիս առաջ, երբ De Facto ամսագրի լրագրողը զանգահարել և տեղեկացրել է, որ ամսագրի հերթական համարը նվիրված է Ռուբեն Սադոյանին և «տպագրվելու է նրա հոբելյանի առիթով»:


Այս մասին այսօր «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը՝ փորձելով ցրել այն տարակուսանքը, թե ինչո՞ւ է ինքը նույն ամսագրում, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և այլոց թվում, դրվատանքի խոսքեր ասում ՀՀԿ-ական թեկնածու Ռուբեն Սադոյանի հասցեին, մանավանդ, երբ նույն ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:


«Հայտնածս կարծիքն այն է եղել, որ նրան (Ռուբեն Սադոյանին -խմբ.) կարող եմ բնութագրել որպես մարդ, բայց ոչ որպես քաղաքական գործիչ, քանի որ խորհրդարանում կամ դրանից դուրս նրա քաղաքական գործունեությանը ականատես չեմ եղել, նշել եմ, որ դրական ու արժանապատիվ մարդ է: Իմ այս որակումները որոշ մարդիկ շահարկման առարկա են դարձրել, անգամ ներկայացնելով, թե խորհրդարանական ընտրություններում քարոզում եմ նրա օգտին և ընդդեմ՝ նույն ընտրատարածքում «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Ռուբեն Հակոբյանի»:


Ապա Ստյոպա Սաֆարյանը հորդորում է՝ վերջ տալ անազնիվ վարքագծին, անազնիվ քարոզչությանն ու շահարկումներին, և իր՝ ութ ամսվա վաղեմության կարծիքը չօգտագործել, հատկապես, երբ այն «սատարման մասին չէ»:


Հիշեցնենք, որ թիվ 9 ընտրատարածքում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի թեկնածուն ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանն է: