Մաշտոցի պուրակի ժամանակավոր տաղավարները կապամոնտաժվեն սեղմ ժամկետներում. Տարոն Մարգարյան

17:05 • 01.05.12

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժելու խնդրի կապակցությամբ՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ժամանակավոր տաղավարները ապամոնտաժելու կապակցությամբ Սերժ Սարգսյանի հորդորին արված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը։

 

«Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»,– ասել է Տարոն Մարգարյանը:

 

Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավոր է արդյո՞ք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները. «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը: