Գ.Վեզիրյանը և Լ. Խաչատրյանը խախտել են քարոզչության կարգը. Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ

12:48 • 01.05.12

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը:


Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած տեղեկատվության համաձայն, վերանշյալ պատգամավորության թեկնածուները.«Չսահմանված տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում:



Նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ. ապրիլի 24-ին ԸԸՀ-ի նիստի ժամանակ կայացվել էր որոշում դիմել Երևանի քաղաքապետին` ուսումնասիրելու վերանշյալ փաստերը: Ինչպես նաև.«Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի վարչական ակտեր` առկայության դեպքում կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականատերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար»:

 

«Այսօր թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը, ապրիլի 28-ով թվագրված, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից ստացել է հետևյալ պատասխանը:


«Ի պատասխան Ձեր 25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա որոշման, ուսումնասիրվել է թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և հայտնաբերվել են, ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով»:

 

Սակայն Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ որոշումը չի կատարվել.«Կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են նոր պաստառներ փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում:Այս հայտարարության համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները»,-տեղեկացված է Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը: