Տիմոշենկոն կարող է մահանալ առաջիկա օրերին. ահազանգում են դուստրն ու ամուսինը

11:28 • 01.05.12

Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի մտերիմները հայտարարել են, որ նա մահամերձ է:

 

«Եվս մի քանի օր ու նա կմահանա»,- Պրահայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոյի դուստրը` այդպես թեժացնելով սկանդալը, որն արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ ու սպառնում է «կռվացնել» Ուկրաինան Եվրոպայի հետ:

 

«Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր»,- ասել է նա:

 

Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ հարազատների, բանտից հիվանդանոց տեղափոխման ժամանակ ծեծի էր ենթարկվել և կորցրել գիտակցությունը: Սա առաջացրել է միջազգային հանրության դժգոհությունը: Երեկ Ուկրաինայում կայանալիք Եվրո-2012-ին նվիրված միջոցառումներին չմասնակցելու մասին, այլ առաջնորդների նման հայտարարեց նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

 

Տիմոշենկոյի` Չեխիայում քաղաքական ապաստան ստացած ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, դիմել է կնոջը հացադուլը դադարեցնելու խնդրանքով:

 

«Կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում: Մեր ողջ կյանքը մենք նվիրեցինք մեր երկիրը լավացնելու ջանքերին: Տիմոշենկոն հացադուլ է անում արդեն 10 օր: Միշտ ուրախություն ու հույս ներշնչող կյանքը կարող է ընդհատվել յուրաքանչյուր պահի»,- ասել է նա կնոջ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

 

Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: