Ժողովուրդը սկսել է ծնկներից բարձրանալ. Վահան Հովհաննիսյան

13:06 • 01.05.12

Հայ Հեղափոխական դաշնակցությունն ընդհանուր առմամբ գոհ է քարոզաշավից: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին փաստում է, որ քարոզարշավի հանդիպումների ընթացքում ստացած տպավորություններից եզրակացնելով, հասկացել է, որ հատկապես մարզերում «ժողովուրդը սկսել է ծնկներից բարձրանալ»:


«Այդ խեղճ վիճակը, հլու-հնազանդ լինելու, ինչպես կասի գյուղապետը, ինչպես կհրահանգի մարզպետը, ինչպես կասեն կլոր նշաններով քեռիները, այդ վախն ու սարսափը կարծես թե դուրս է գալիս և գիտակցաբար քվեարկողների, այսինքն՝ բնակչությունից քաղաքացի դարձած տոկոսն իսկապես սկսում է աճել»,- ասաց նա:


Դրանից ելնելով էլ Վահան Հովհաննիսյանը հավելում է, որ Դաշնակցության հարցում իրենք «ամենայն լրջությամբ ունեն հնարավորություն՝ կրկնապատկելու ներկայությունը խորհրդարանում»:


«Դուք տեսել եք Դաշնակցության ֆրակցիայի անտիվությունը ԱԺ-ում: Եթե մենք ունենանք 25-30 պատգամավոր, ապա կարող ենք հաշվել, որ մենք մեծամասնություն ենք՝ հաշվի առնելով որակը»,- ասաց նա և հավելեց, որ դրանով կփոխվի և իրենց աշխատունակությունը, և դրա արդյունավետությունը: