Եթե ընտրախախտումներն ապացուցվեն, իսկ իշխանությունը չարձագանքի՝ փողոցն անխուսափելի է. Վահան Հովհաննիսյանը
Ընտրախախտումների դեմ պայքարելու համար Հայաստանի քաղաքագետների միության կողմից ձևավորած միասնական շտաբի ներկայացուցիչները մշակում են մեխանիզմներ, թե ընտրությունների արդյունքները չբավարարելու ո՞ր դեպքերում դուրս կգան փողոց, այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
«Անհասցե և անհիմն բողոքը արդյունք չի բերում, այլ բերում է զոհեր, դրա ականատեսն արդեն եղել ենք: Միացյալ շտաբի ներկայացուցիչները, որպես դիտորդներ և հանձնաժողովի անդամներ, հիմա մշակում են այն մեխանիզմները, որոնցով պետք են բողոքը, գանգատը, խարդախության դեպքերը ապացուցելի դառնան: Եթե դրանք ապացուցելի դառնան և այդ ապացուցված խարդախությունների դեմ գնա բողոք և իշխանությունը չարձագանքի, փողոցն անխուսափելի է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Ասվածին զուգահեռ, ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկում է տարբերակել, թե ո՞ր դեպքում պետք է հրաժարվել փողոց դուրս գալով բողոք արտահայտելու ձևից: Նա ոչ միայն ՀՅԴ-ին, այլ նաև քաղաքական մյուս ուժերին խորհուրդ է տալիս ըմբռնել՝ ընտրության արդյունքները կեղծվե՞լ են, թե՞ իրենք արժանին են ստացել:
«Եթե ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, դուք բողոքելու իրավունք չունեք, դուք ձեր մեջ ման եկեք սխալները: Բայց եթե խարդախությունը տեղի է ունեցել պետական մակարդակով, իշխող կուսակցությունն է մեղավորը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ մնացած այլ հանձնաժողովները, ուրեմն, այդ ժամանակ բողոքի ալիքը կդառնա անխուսափելի»,- ասաց նա:
ՀՅԴ ներկայացուցիչը, կոնկերտ իր կուսակցության հարցում, կասկածներ չունի, սակայն նշում է. «Կարող է պատահի, որ ես սխալ կանխատեսում ունենամ և ժողովուրդը մեզ քվե չտա, չնայած ես դրանում կասկած չունեմ, բայց, այնուամենայնիվ, սա ընտրություն է և ցանկացած անակնկալ կարող է տեղի ունենալ: Ժողովրդի «սիմպատիան» դժվար կանխատեսելի մեխանիզմ է»,- ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը:









