Դիտորդ Արման Վեզիրյանն այսօր հետաքննիչին բացատրություն է տվել
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան և դիտորդ Արման Վեզիրյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այսօր Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ այցելել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և բացատրություն տվել հետաքննիչին՝ ինչից երեկ իրավապաշտպանը հրաժարվել էր:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ժամը 18:30-ի սահմաններում, Շենգավիթ համայնքի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի մոտ, 45 տարեկան մի տղամարդ հարվածել էր Արման Վեզիրյանի դեմքին, երբ վերջինս մի խումբ անձանց հետ քարոզչություն է իրականացրել՝ հօգուտ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսի» դաշինքի թեկնածու Արշակ Բանուչյանի:
Tert.am -ի հետ զրույցում Արմանը Վեզիրյանը պատմեց, որ երբ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստը բուկլետը դրել է տներից մեկի մուտքի մոտ, այդ պահին բնակարանից դուրս եկած, մոտ 45 տարեկան տղամարդը՝ «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից» բառերով դիմել է խմբին: Եվ երբ Արման Վեզիրյանը մոտեցել է բուկլետը վերցնելու, տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին:
Վեզիրյանի աչքը կապտել և այտուցվել է: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր. դատաբժշկի եզրակացությունը կկցվի Ոստիկանությունում իրականացվող հետաքննության նյութերին կամ քրեական գործին, եթե քննիչի կողմից գործ հարուցելու որոշում կայացվի:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպանը նաև հայտնեց, որ երեկ կատարվածի մասին տեղեկացնելու նպատակով զանգահարել է Ոստիկանության օպերատիվ շտաբի թեժ գիծ, սակայն զանգերին ոչ ոք չի պատասխանել,և միայն ավելի ուշ թեժ գծից պատասխանել են, որ կատարվածի մասին կտեղեկացվի Շենգավիթի շրջանի Ոստիկանության բաժնին:









