Մաշտոցյան պուրակի երևույթը սոսկ տաղավարների ապամոնտաժում չէ, այն համահայկական խնդիր է. Ժիրայր Սեֆիլյան
Լուսանկարը` Panarmenian-ի
«Առաջին օրվանից, երբ ես լսեցի, որ երիտասարդները որոշել են պայքարել Մաշտոցի պուրակում տաղավարներ դնելու դեմ, չեմ կասկածել, որ հաջողության հասնելու են: Եվ ահավասիկ, մենք հիմա այդ փաստի առաջ ենք»,- Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այն տեղեկությանն, ըստ որի` Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցում է տվել ապամոնտաժել պուրակի այդքան խնդրահարույց տաղավարները: Ըստ Սեֆիլյանի` Մաշտոցի պուրակի տաղավարների դեմ պայքարող երիտասարդների հաջողության գրավականը նրանց պայքարի անկեղծությունն է:
«Երբ մարդիկ անկեղծ են, այդ ժամանակ է, որ լինում է արդյունք: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ մաշտոցյան պուրակի երևույթին, ես կարծում եմ, որ այգու տաղավարների (ապա)մոնտաժումը սոսկ տաղավարների ապամոնտաժում չէ, ես համոզված եմ, որ մաշտոցյան պուրակի խնդրի մեջ է ամփոփված ամբողջ հայության խնդիրը: Սա համահանրապետական, համահայկական խնդիր է»,- ընդգծեց Սեֆիլյանը:
Պարզաբանելով` «Սարդարապատ» շարժման համակարգողը նշեց, որ այժմ, երբ ընթանում են կեղծ քաղաքական գործընթացներ` ընտրություններ, երիտասարդների մի խումբ դուրս եկավ անկեղծ պայքարի, որը կարելի է կոչել քաղաքական գործընթաց: Միաժամանակ Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդները իրենց առջև դրած բոլոր խնդիրներում` թե՛ Թռչկանում, թե՛ Թեղուտում, և թե՛ Մաշտոցի պուրակի դեպքում հասնում են հաջողության: «Նրանց պայքարը արդյունք տալիս է և տալու է, և այստեղ է, որ ծնվելու է մեր երազած նոր Հայաստանը, մեր երազած Հայաստանի նոր հայեցակարգերը»,- նշեց Սեֆիլյանը` պայքարող խմբին անվանելով «ընտրասերուցքի դրական սէլեկցիա»:
Մեր դիտարկմանը, թե ֆեյսբուքյան «Միացիր «դեղին սաղավարտավորներին» նախաձեռնությանը միանալով ինքն ինչ նպատակ է հետապնդել, արդյո՞ք պատրաստ է եղել անձամբ գործնականում մասնակցել տաղավարների ապամոնտաժմանը, Ժիրայր Սեֆիլյանն նախ արձագանքեց, թե իրենք գործընթացի հենց սկզբից եղել են խմբին աջակցողների դերում, ապա ավելացրեց, որ ֆեյսբուքյան այդ նախաձեռնությանը միանալը հերթական քայլն էր ապամոնտաժողների շրջանակը լայնացնելու: «Այս գործընթացի հենց սկզբից ես աջակցել ու աջակցելու եմ տաղավարների ապամոնտաժման կազմակերպմանը»,- ասաց նա: Ի դեպ, վերջինս նշեց նաև, որ իր դերակատարումն այս գործընթացում հետագայում կերևա:
«Այս երիտասարդների խումբը որդեգրել է «ոչ բռնությամբ» մարտավարությունը, որը մենք էլ ենք կիսում: Եվ եթե առաջիկայում բռնություն լինի (նկատի ունի պայքարող խմբի դեմ- Tert.am), պատասխանն էլ բռնություն կլինի»,- պարզաբանեց Սեֆիլյանը:
Նշենք, որ «Սարդարապատ» շարժումը երեկ Facebook–ում հանդես էր եկել «Միացիր «դեղին սաղավարտավորներին» նախաձեռնությամբ, որին հրավիրված էին ավելի քան 3600 ֆեյսբուքցի, և արդեն իսկ իրենց մասնակցության մասին համաձայնությամբ էին հանդես եկել ավելի քան 80 հոգի, այդ թվում և Ժիրայր Սեֆիլյանը։
Ֆեյսբուքյան վերոնշված նախաձեռնությանը միացել էր նաև «Ժառանգության» համամասնական ընտրացուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարապետ Ռուբինյանը, ով Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը տվյալ նախաձեռնությանը միացել է երկու պատճառով. նախ, ըստ նրա, ինքը ցանկանում է աջակցել այդ խայտառակ գործընթացի դեմ պայքարողներին, և երկրորդ` պատրաստ է մասնակցել քաղաքացիական անհնազանդության ձևերից մեկի գործարկմանը, այն է` տաղավարների ապամոնտաժմանը: «Այո, եթե պետք լինի, ձեռքս կվերցնեմ պտուտակահանը, և կմասնակցեմ տաղավարների ապամոնտաժմանը»,- նշեց Ռուբինյանը (հարցազրույցն արել էինք մինչև ապամոնտաժման որոշումը –Tert.am):
Մեր հարցին, թե որպես պատգամավորի թեկնածո՞ւ, թե քաղաքացի է մասնակցում հիշյալ ակցիային, Կարապետ Ռուբինյանն ասաց. «Իհարկե որպես քաղաքացի: Երկար ժամանակ ինձ զերծ էի պահում, որ չշահարկվի, բայց պարտքի զգացումն ի վերջո հաղթեց»:









