Ամերիկացուն մահապատժի են ենթարկել 37 տարի առաջ կատարած հանցանքի համար
Մայիսի 1-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում մահապատժի են ենթարկել հանցագործի, ով երկու անգամ դատապարտված է եղել բարձրագույն պատժաչափի՝ մի սպանության համար, որը կատարել էր 37 տարի առաջ:
1975 թվականի սեպտեմբերին Մայքլ Բասկում Սելսորը իր հանցակցի հետ Թալսա քաղաքի խանութներից մեկում զինված կողոպուտ է կատարել, որի ընթացքում սպանվել է խանութի 55-ամյա սեփականատերը: Հանցագործները վերցրել են մոտ 500 դոլար և փախել Կալիֆորնիա, որտեղ մեկ շաբաթ անց նրանք ձերբակալվել էին:
1976 թվականին Սելսորը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահվան: Մի քանի ամիս անց ԱՄՆ Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել Օկլահոմայի` մահապատժի մասին օրենքը: Այս կապակցությամբ Սելսորի պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ`առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:
1998 թվականին Սելսորը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն 2-րդ դատական գործընթացի արդյունքում նա մեղավոր է ճանաչվել և կրկին դատապարտվել է մահապատժի:
Ապրիլի 16-ին Օկլահոմա նահանգի վաղաժամ ազատաման հանձնաժողովը դեմ է քվեարկել Սելսորի` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելուն, ապրիլի 28 ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է հետաձգել դատավճռի կատարումը:









