Հերթական մերժումն Ուկրաինային. ֆուտբոլային խաղին ներկայությունից այս անգամ հրաժարվեց ավստրիացի նախարարը
Ավստրիայի պաշտպանության նախարար Նորբերտ Դարաբոսը, ով պատասխանատու է նաև սպորտի համար, հրաժարվել է ներկա գտնվել Ինսբրուք քաղաքում հունիսի 1-ին կայանալիք Ավստրիա-Ուկրաինա ֆուտբոլային ընկերական հանդիպմանը, գրում է ավստրիական Niederosterreichischen Nachrichten-ը:
Սկզբնապես նա հայտնել էր, որ ներկա կլինի խաղին, սակայն այժմ հրաժարվելով խաղից` նախարարը ցանկանում է «ազդանշան» ուղարկել Ուկրաինայի իշխանություններին` նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյի ծեծի ենթարկվելու պատճառով:
Խաղը կկայանա Ուկրաինայում ու Լեհաստանում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Սակայն Ուկրաինայում առաջնության անցկացումը հարցականի տակ է դրված:
Օրերս Տիմոշենկոն բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին, հարազատների վկայությամբ, ծեծի էր ենթարկվել, ինչի պատճառով եվրոպական մի շարք երկրների նախագահներ, նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հրաժարվել են այցելել Ուկրաինա` Եվրո-2012-ի ժամանակ:









