Չինական կոսմետիկայի պատճառով` 16-ամյա աղջիկը քաղցկեղով է հիվանդացել
Անգլիայում հեղուկ կոսմետիկ միջոցի օգտագործումը հանգեցրել է մահացու հիվանդության ու պլաստիկ վիրահատության: 2008թ.-ի մայիսին, Լեսթերշիրի կոմսության 16-ամյա բնակչուհի Տաշա Ժիլկայի մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել մոտակա սուպերմարկետներից մեկից գնված չինական կոսմետիկայի օգտագործման արդյունքում, հայտնում է Life News-ը:
Ինչպես նա է պատմել, աչքերի համար նախատեսված հեղուկ միջոցն օգտագործելուց հետո, ուժեղ այրոց է սկսվել նախ ձախ աչքում, իսկ մի քանի օրից նաև` աջ: Աղջկա ծնողները խուճապի են մատնվել, երբ աղջիկն ասել է, որ չի տեսնում նույնիսկ 1 մետր հեռավորության վրա գտնվող իրերը: Տաշայի ընտանիքն անհապաղ դիմել է ակնաբույժի օգնությանը: Սակայն նրանք չեն կարողացել պարզել հիվանդության իրական պատճառը:
4 ամիս անց աղջիկը տեղափոխվել է Cambridgeshire hospital, որտեղ վիրահատության միջոցով մաքրվել է աչքի ներսի անկյունում գտնվող այսպես կոչված` լորձապարկը: Սակայն 2009-ին մեկ այլ` Leicester Royal Infirmary հիվանդանոցում հերթական զննման ժամանակ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են չարորակ գոյացություն, որի զննման արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ աղջկա մոտ հազվադեպ` նեյրոբլաստոմա հիվանդություն է:
Բժիշկների խոսքով` քաղցկեղային գոյացությունն աղջկա գլխում մեծ արագությամբ սկսվել է տարածվել , և նրան 2010թ.-ի մայիսին վիրահատության են ենթարկել: Սակայն, ըստ բժիշկների, աղջկա կյանքը վտանգի տակ է:
Տաշան նաև ենթարկվել է քթի պլաստիկ վիրահատության: Նրա հարազատները որոշել են գտնել մեղավորներին: Սակայն այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել չինական կոսմետիկական ընկերության հետ:









