Եթե ընտրությունները կեղծվեն, Հայաստանում վիճակը կշարունակի ծանր մնալ. քննարկում
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը համաձայնեցին այն մտքի հետ, որ եթե կեղծվեն այս ընտրությունները, Հայաստանը չի վերանա, ինչպես հաճախ նշում են քարոզարշավի ժամանակ, սակայն կշարունակի մնալ այն ծանր վիճակում, որում այսօր գտնվում է:
«Վստահաբար Հայաստանը չի կործանվի և լավ չի, որ մենք ժողովրդին այդքան ծայրահեղ տրամադրությունների մեջ ենք գցում` այն օգտագործելով որպես նախընտրական քարոզչության ձև»,- ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արտյուշա Շահբազյանը:
Վերջինիս խոսքով, տարեցտարի ավելի մեծ անկում է գրանցվել սոցիալ-տնտեսական ոլորտում, արտագաղթի տեմպերն են թռիչքաձև մեծացել, կաշառակերությունն է մեծացել, տնտեսությունն ավելի մենաշնորհյալ է դարձել, և լավ ապագայի համար ոչ մի նախադրյալ չի ստեղծվել:
«Ոչ մի նախադրյալ չկա, որ գալիք տարիներին մեզ սպասվում է շրջադարձ և ամեն ինչ լավ է լինելու»,- նկատեց Շահբազյանը:
«Միավորված հայեր» կուսակցությունը ներկայացնող Հովհաննես Հովհաննիսյանն այդպես էլ իր խոսքում չնշեց, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն: Փոխարենը, հռետորական հարց հնչեցրեց. «Արդյո՞ք, պետք է թույլ տանք, որ այս անգամ էլ կեղծվեն ընտրությունները»:
Հովհաննիսյանը ևս մատնանշեց այն խնդիրները, որոնց խորացման դեպքում կարող է վատթարանալ երկրի վիճակը`արտագաղթը, կոռուպցիան:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ հայ ժողովրդի կյանքում եղել են ավելի վատ իրավիճակներ, քան վերջին 20 տարիներին երկիրն իշխած վարչակարգերը։
«Հայ ժողովրդի գլխով ավելի սարսափելի դեպքեր են անցել, քան անցյալ 20 տարիների իշխանություններն են և այս ընտրություններից հետո Հայաստանը չի վերանա»,- ասաց պատգամավորը:
Վերջինս նշեց, որ այս ընտրություններն արժանապատվության հարց են, որից հետո պարզ կլինի, արդյոք, կկարողանա՞նք ունենալ նոր երկիր, թե՞ կեղծ ընտրությունների դեպքում շարունակելու ենք ապրել հին Հայաստանում:
«Այսպես շարունակելու դեպքում 2050-ին մարդ չի մնա Հայաստանում»,- իր տեսակետը հայտնեց Կոմկուսը ներկայացնող Անդրանիկ Ղուկասյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինա Վարդանյանի կարծիքով, ԲՀԿ-ն արդեն քայլեր արել է ընտրակեղծիքներից խուսափելու համար: Այդ քայլն, ըստ նրա, ՀՅԴ-ի և «Հայ ազգային կոնգրես» ընդդիամդիր դաշինքի հետ միասնական շտաբի ստեղծումն էր: Իսկ ընտրությունների կեղծվելու դեպքում, Վարդանյանը նկատում է, որ ունենալու ենք այն, ինչ արդեն ունենք:
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, մինչդեռ ներկա էին միայն «Ժառանգություն», «Միավորված հայեր», «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն կուսակցությունների ներկայացուցիչները:









