UEFA-ն մտադիր չէ Եվրո-2012-ը տեղափոխել այլ երկրներ

13:26 • 02.05.12

UEFA-ն Եվրո- 2012-ը չի տեղափոխի այլ երկրներ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Կառույցի` Եվրո-2012-ի կազմակերպման համակարգող Միխալ Լիստկևիչը հայտնել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը կանցկացվի` ըստ հաստատված ծրագրի` Կիևում, չնայած Դնեպրոպետրովսկի վերջին դեպքերին: Հիշեցնենք, որ օրերս քաղաքի տարբեր հատվածներում որոտացել էր 10 պայթյուն, որի հետևանքով վիրավորվել էր շուրջ 30 մարդ:


«Ինձ հայտնի է, որ UEFA-ն նույնիսկ տեսականորեն չի դիտարկում առաջնության անցկացման վայրի փոփոխության հարցը»,- ասել է նա` հավելելով, որ եթե որոշ քաղաքական գործիչներ չայցելեն խաղերին, ապա դա մեծ նշանակություն չի ունենա:

 

«Ամենագլխավորը ֆուտբոլիստներն ու երկրպագուներն են: Մենք լավ ենք աշխատել, ու մտադիր ենք առաջնությունն անցկացնել բարձր մակարդակով»,- Լաստկևիչի խոսքերն է մեջբերել «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնի կայքէջը:

 

Առաջնությունն այլ վայր տեղափոխելու գաղափարն առաջացել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյի ծեծի ենթարկման ու Դնեպրոպետրովսկում ահաբեկչությունների պատճառով:

 

Եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հրաժարվել են մասնակցել խաղերին` այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով Տիմոշենկոյի ծեծի փաստի կապակցությամբ:


Հիշեցնենք, որ բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին նախկին վարչապետը ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով կորցրել էր գիտակցությունը:

 

Առաջնությունը կանցկացվի հունիսի 8-ից հուլիսի 1-ը, Ուկրաինայում ու Լեհաստանում: