Ռոբերտ Քոչարյանի կողմից որևէ սենսացիոն բան չեմ սպասում. Գալուստ Սահակյան

12:06 • 02.05.12

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որևէ սենսացիոն բան չի սպասում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական ու քաղաքագիտական որոշ շրջանակների կողմից սպասվող հայտարարությունից։


«Կարող է հետաքրքիր լինել այն առումով, որ նա կարող է իր կարծիքը ներկայացնել հասարակությանը. քարոզարշավ է՝ բոլորը հայտարարություններ են անում»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը վերջերս լրատվամիջոցներին հայտնել էր, թե Քոչարյանը կխոսի մինչև ընտրությունները, որին, փաստորեն, մնում է երեք օր:


«Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ … Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կարող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից»,- այսօր գրել է «Հայկական ժամանակը»՝ տեղեկացնելով, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկ ողջ օր անհասանելի է եղել ու այդպես էլ չի պատասխանել թերթի թղթակցի հեռախոսազանգերին:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաընտրական շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ուժի մե՞ջ է ապագա խորհրդարանում ԲՀԿ տեղերի 50+1-ը, ասել էր, որ համենայնդեպս «փաստ է», որ նախորդ ընտրություններից շատ ավելի ձայներ կհավաքեն:


Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն դեռևս գործող խորհրդարանում ունի 26 պատգամավոր:
Հարցին՝ որքա՞ն տեղերի մասին կարող է խոսել ՀՀԿ-ն, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով «ոչ պակաս, քան 67 պատգամավոր», իսկ տոկոսներով ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի խոսում:


Ինչ վերաբերում է Tert.am–ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ի կողմից նման հայտարարությունները քարոզչությա՞ն մասով են, թե ներքին համոզմունքի հետևանք, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը պատասխանեց.«Կարելի է հենց էդպես էլ դիտարկել, իբրև քարոզչության մաս»:


Քարոզարշավի ընթացքում մի քանի հանրապետականներ, այդ թվում՝ Հովհաննես Սահակյանը , ըստ էության նշել էին, որ դեռ հարց է, թե Սերժ Սարգսյանը՝ կախված ուժերի հարաբերակցությունից, նպատակահարմար կհամարի կոալիցիա կազմել, թե՝ ոչ: Մինչդեռ Գալուստ Սահակյանը նշեց, որ պայմանավորվածությունների (նկատի ունի 2010 –ին ստորագրված կոալիցիոն հուշագիրը ) որևէ տեսակետ այդպես մերժելի է դարձել կոալիցիոն կուսակցությունների կողմից: «Եվ քաղաքական տեսակետից մեր համոզումն է, որ այն ուժերը, որոնք առավել ձայներ կհավաքեն, շատ լավ կլինի, որ միավորվեն և աշխատանքներն էսպես ավելի կանխորոշիչ կլինեն»:


Գալուստ Սահակյանը նաև չի համարում, որ այս քարոզարշավի ընթացքում կոալիցիոն գործընկերների շուրջ և միջև որևէ իրավիճակ է փոխվել: «Շատ պարզ իրավիճակ է»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր՝«Ես չեմ հայտարարում, որ ԲՀԿ-ն միայնակ պետք է իշխանություն կազմի: ԲՀԿ-ն պատրաստ է վերցնել ցանկացած բեռ և պատասխանատվություն: Միևնույն ժամանակ ես հայտարարել եմ, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից: Դրա համար մենք առաջ ենք քաշել լայն համախմբման, իրական կոնսոլիդացիայի գաղափարը»: