Մեր քաղաքացիներն այդպես էլ չտեսան քաղաքական քարոզարշավ. Արամ Գյուրջյան

12:08 • 02.05.12

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը կարծում է, որ մի քանի օրից ավարտվող քարոզարշավն այդպես էլ չարդարացրեց մարդկանց սպասելիքները:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց՝ այդպես էլ քաղաքական քարոզարշավ չեղավ, փոխարենը, ներկայացվեցին «բեմադրություններ», «ճոխ շոու ծրագրեր»:

 

«Մեր քաղաքացիներն այդպես էլ չտեսան քաղաքական քարոզարշավ, քաղաքական ուժերը գնում էին, կրկնում էին նույն տեքստերը: Իրականում որոշ քաղաքական ուժեր չեն պատկերացնում, թե ո՞ւմ մոտ են եկել»,-նկատեց ՀԴԿ անդամը:

 

Վերջինիս կարծիքով, քաղաքացիներին առաջարկվող ընտրակաշառքը, ահաբեկումներն ապացուցում են այն, որ քաղաքացին և մարդը արժեք չունի քաղաքական ուժերի համար:

 

Գյուրջյանը նշեց, որ քարոզարշավում չարդարացան նաև իրենց` որպես քաղաքական ուժերի ակնկալիքները: Դեմոկրատական կուսակցության անդամը սպասում էր, որ այս անգամ կլինի «որակական շարժ», բանավեճեր:

 

«Մենք տեսանք երկու բղավող երիտասարդների, որոնք որևէ քաղաքական հայտարարություն չարեցին»,- ասաց Գյուրջյանը և հավելեց, որ իրենք սպասում էին, որ կլինեն բանավեճի առաջարկներ իրենց կուսակցության անդամների մասնակցությամբ:

 

Գյուրջյանը ՀԴԿ-ի քարոզարշավը դրական է գնահատում: Վերջինս նաև նշեց, որ անկախ ամեն ինչից, մայիսի 7-ին նշելու են քաղաքացիական հասարակության հաղթանակը: