«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն նախընտրական քարոզարշավից գոհ է
Տեղական ամենամեծ դիտորդական կազմակերպությունը՝ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի երկարաժամկետ դիտարկում, եկել է այն եզրակացության, որ համեմատած նախորդ տարիների ընտրությունների քարոզարշավների հետ՝ այս անգամ առաջընթացն ակնհայտ է, չհաշված փոքրիկ բացթողումները:
«Մեր ՀԿ-ն կարծում է, որ նախորդ ընտրությունների համեմատ քաղաքական ուժերի քարոզչությունն ընթացել է զգալիորեն հավասարակշռված, հանգիստ մթնոլորտում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ քարտուղար Հասմիկ Սարգսյանը:
Ըստ նրա, դիտարկման առարկա է եղել քաղաքական մթնոլորտը, կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածումների պաշտոնական քարոզարշավը, իշխանությունների գործելակերպը, ընտրողների ցուցակները, ԶԼՄ-ների որդեգրած քարազարշավային քաղաքականությունը և այլն:
Հասմիկ Սարգսյանն հատուկ ուշադրություն հրավիրեց արձանագրված դրական միտումներին, այն է՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների բազմակի հայտարարությունները, առանց լուրջ խոչընդոտների քարոզարշավների իրականացումը, ակնհայտ ճնշումներ գործադրելուց զերծ մնալու փաստերին, Ոստիկանության արագ արձագանքներին, գերազանցապես հեռարձակող ԶԼՄ-ների չեզոք լուսաբանմանը և այլն:
«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը խոսեց հայտնաբերած այն փոքրիկ խախտումներից, որոնք ըստ նրա, մտահոգություն են առաջացրել: Դրանք մասնավորապես վերաբերում էին ընտրացուցակներում հայտնաբերված անհասկանալի փաստերին, մի քանի դեպքում արձանագրված քարոզչության խոչընդոտման դեպքերին և նաև բարեգործությունների ընտրություններից առաջ ակտիվացմանը:
«Ընտրացուցակներում կան բազմաթիվ փաստեր, որոնք անհասկանալի են: Դրանք պետք է դիտարկել, ոչ թե որպես օրենքի խախտում, այլ որպես օրենքի անկատար լինելու արդյունք»,- ասաց նա և բերեց օրինակներ, ինչպես արդեն հայտնի դեպքը, երբ մեկ բնակարանում 100 հոգի էր գրանցվել: Երբ կազմակերպությունը այս հարցով դիմել էր վիզաների վարչությանը, պատասխան էր ստացել, որ, ըստ օրենքի, սեփականատերը կարող է ինքչան ասես մարդ գրանցի իր բնակարանում:
«Նման դեպքերում մեր բոլոր հարցերին պարզվեց կա կառավարության այսինչ որոշում, այնինչ որոշում, որի պարագայում էլ հասկանալի է, որ դրանք չես կարող խախտում համարել»,-ասաց Հարություն Համբարձումյանը: Բացի այդ, նա նաև փաստեր ներկայացրեց, ըստ որի, օրինակ՝ մի ընտրատեղամասում հայտնաբերել են Քանաքեռ շրջանցիկ թունել հասցեում, որը ապօրինի կառույց է, հաշվառված է եղել 360 ընտրող։ Նմանատիպ օրինակ է գրանցվել Շիրակի Հայ-Բելառուսական ընկերության հասցեում:
«Գոյություն ունեն փողոցներ, որոնց մասին երբեք չեմ էլ լսել. եկեղեցու բակ՝ 22 ընտրողով, Նավթի բազա, օդանավակայան տանող փողոց և այլն»,- շարունակեց նա:
Քարոզչության խոչընդոտման դեպքերից Հարություն Համբարձումյանն առանձնացրեց Մալաթիա-Սեբաստիայի համայնքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածը, ինչի վերաբերյալ, ըստ նրա, քրեական գործ է հարուցված: Հարություն Համբարձումյանի խոսքով, սակայն «չգիտես ինչու հարուցվել է որպես դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելու հոդվածով, այնինչ նրա պնդմամբ պետք է լիներ քարոզչության խոչընդոտման հոդվածով:
«Երբ բարձրացրեցին այդ հարցը, ասացին, որ դեռևս քննության մեջ է և հավանական է, որ հոդվածի առաջադրումը փոփոխության ենթարկվի»,-ասաց նա ։
Նա նաև խոսեց բարեգործության և ընտրակաշառքի մասին՝ ասելով հետևյալը. «Օրենքը պահանջում է մինչև քարոզարշավը չի կարելի բարեգործական նկատառումներով բաժանել օգնություն, լինի սննդամթերք, պարարտանյութ, հեռախոս և այլն: Սակայն նկատեցինք, որ քարոզարշավի ընթացքում այն ավելի բուռն զարգացում ունեցավ»։
«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կանցկացնի նաև ընտրությունների օրը բոլոր՝ 1975 ընտրատեղամասերում ունենալով՝ 4000 դիտորդներ։









