ԱՄՆ-ը բանակցում է «Թալիբան»-ի հետ. զուգահեռ` Քաբուլում պայթյուններ են հնչում

08:42 • 02.05.12

Անսպասելի այցով Աֆղանստան ժամանած Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան Բագրամ բազայից հեռուստաուղերձ է հղել ամերիկյան բնակչությանը, որով կրկին խոստացել է ամերիկյան բանակի մարտական ստորաբաժանումներն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2014թ.-ը:

 

«Ես հասկանում եմ, որ շատ ամերիկացիներ հոգնել են պատերազմից»,- ասել է Օբաման, որի ուղերձը հեռարձակել են ամերիկյան հիմնական հեռուստաալիքները:


Հեռուստաուղերձում նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման հետ` Աֆղանստանում խաղաղության հաստատման համար:

 

«Մենք խաղաղության ենք ձգտում` բանակցությունների ճանապարհով»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը` հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները հստակ հասկացնել են տալիս թալիբներին, որ նրանք կարող են «Աֆղանստանի ապագայի մաս կազմել, եթե խզեն կապն «Ալ Կաիդա»-ի հետ, հրաժարվեն բռնություններից ու հետևեն աֆղանական օրենքներին»:

 

ԱՄՆ նախագահն իր աֆղան գործընկերոջ` Համիդ Քարզայի հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որի համաձայն` ամերիկացի զինվորականները, երկրից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո, մինչև 2024թ.-ը պետք է մասնակցեն հակաահաբեկչական գործողություններին:

«Սակայն մենք մշտական բազաներ այս երկրում չենք տեղակայի, ինչպես նաև չենք հսկի աֆղանական քաղաքներն ու լեռները»,- Օբամային է մեջբերել Associated Press-ը:

 

ԱՄՆ նախագահի մեկնելուց հետո, մայրաքաղաք Քաբուլում 2 հզոր պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով մի քանի մարդ զոհվել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:

 

Ներկայում միայն հայտնի է, որ առաջին պայթյունից զոհվել է 6 մարդ, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: