Թույլ մի՛ տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին, հնդկական սառեցված գոմեշի մսով. հայտարարություն

16:51 • 02.05.12

«Բանակում անարդարություններին՝ Ոչ» նախաձեռնությունը հանդես է եկել հերթական «Բաց նամակ»-ով, որում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում, թույլ չտալ, որ հայ զինվորին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսով։


Նամակում նշված է, որ կան հստակ տվյալներ, թե «2011-ի հունիսի կամ 17-ից 22-ի, կամ 24-ից 28-ի հատվածում, Ղարաբաղի Մարտունի-2 զորամասում ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանի հանձնաժողովը բացահայտել է, որ զինվորներին կերակրում են հնդկական սառեցված էժանագին գոմեշի մսով՝ տեղական թարմ մսի փոխարեն, որի համար բյուջեից գումարներ են հատկացվում:


Սակայն, ըստ տեղեկատվության, այդ ապօրինության մասին ՊՆ-ին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին չի զեկուցել:


Նամակը հասցեագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին,
Բաց նամակում ասվում է.


1.Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի գործուղումը տեղի է ունեցել կամ 2011-ի հունիսի, կամ 17-ից 22-ի, կամ 24-ից 28-ի հատվածում, ինչի ապացույցը գործուղման թերթիկներն են: Ստուգումները կատարվել են «Պատմության ու մշակույթի էջեր» ծրագրի ավարտից հետո, երբ որ գիտնականները վերադարձել են Երևան, իսկ Գեղամ Հարությունյանը մնացել է Ղարաբաղում: Ստուգումները համընկել են Կապանում հրամանատարական հավաքների հետ: Ստուգումները եղել են Ղարաբաղի տարբեր, այդ թվում նաև Մարտունի-2 զորամասում: Ստուգումներից հետո Գեղամ Հարությունյանը մասնակցել է Կապանում ՊՆ կոլեգիայի նիստին:


2.Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում հրաժարվել են այդ մսից պատրաստված սնունդից: Որից հետո պարզել, որ այդ միսը ոչ միայն թարմ չէ, այլ նաև տեղական չէ, որ հնդկական սառեցված գոմեշի միս է:


3.Հանձնաժողովին Մարտունի-2 զորամասում ուղեկցել են Հադրութի դիվիզիայի հրամանատարի տեղակալն ու գնդի հրամանատարի տեղակալներից մեկը:


4.Գեղամ Հարությունյանը 2011-ի հուլիսին գործուղման վերաբերյալ Սեյրան Օհանյանին ներկայացրել է զեկուցագիր, բայց այդ զեկուցագրի մեջ չի նշել բացահայտված ապօրինության մասին:


Հարգելի պետական այրեր: Թույլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսից պատրաստած սնունդով»:


Նամակի հեղինակները նաև նշում են, որ տեղի ունեցածի հանրային վտանգավորությունը պայմանավորված է երկու հանգամանքով.


1.Ապօրինություն՝ կապված հարյուրավոր զինվորների սննդի հետ, այն դեպքում, երբ բյուջեյով հատկացվում են միջոցներ տեղական թարմ միս մթերելու համար:


2.Բացահայտված ապօրինության մասին չզեկուցելը: Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երևույթների պատճառներից մեկը: Առավել ևս անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում:


«Մենք պահանջում ենք պաշտպանության նախարարից անհապաղ ծառայողական քննություն սկսել այս ապօրինության վերաբերյալ ու պարզել ա. Էժանագին հնդկական գոմեշի սառեցված միսը մթերելու հանգամանքները, բ. բացահայտված ապօրինության մասին Սեյրան Օհանյանին Գեղամ Հարությունյանի չզեկուցելու հանգամանքները ու հանդես բերել վերաբերմունք»,-ասված է Բաց նամակում: