Սերժ Սարգսյանը Աբովյանում Գագիկ Ծառուկյանին կոչել է «մեր պատգամավոր»

14:24 • 02.05.12

ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Կոտայքի մարզ և եղել է նաև Աբովյան քաղաքում։ Աբովյանում Սերժ Սարգսյանը բավական ծավալուն ելույթ է ունեցել խոսելով ինչպես երկրին վերաբերող ընդհանուր, այնպես էլ նախընտրական խնդիրներից։

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել աբովյանցիներին ջերմ ընդունելության համար և ներկայացրել Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Մենք պահպանողական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որն ունի արժեքային կայուն համակարգ և առաջնորդվում է հստակ սկզբունքներով: Մեզ համար առաջին տեղում մարդու և ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության, մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը»,– ասել է Սերժ Սարգսյանը:


Խոսելով մարդու անվտանգության մասին, ՀՀ նախագահը նկատել է, որ մարդը պիտի լինի պաշտպանված և ապահով թե՛ տանը, թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, պաշտպանված և՛ ֆիզիկապես, և՛ իրավական առումներով: «Մենք դա անում ենք հետևողականորեն: Նաև կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Ե՛վ ոստիկանությունում, և՛ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել և իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Օրինապահ քաղաքացին մեծագույն հարստություն է յուրաքանչյուր պետության համար, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի քաղաքացին խաղաղ և հանգիստ լինի և իրեն զգա երկրի տերը»,– ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե որևէ պետական պաշտոնյան նրանից կաշառք է ակնկալում:

 

Սերժ Սարգսյանը հենց այդ տրամաբանությամբ էլ բացատրել է միջոցառումների մի ամբողջ շարքի ձեռնարկումը՝ նման ռիսկերը նվազեցնելու և նվազագույնի հասցնելու նպատակով: «Փողոցներում ճանապարհներին տեսախցիկների տեղադրումից սկսած մինչև նոտարական գրասենյակներ ու կադաստր մենք աշխատաոճ ենք փոխում, սկզբունքներ ենք փոխում: Եվ փոխում ենք արմատական ձևով: Մենք հիմնավորապես կրճատում ենք բյուրոկրատական քաշքշուկները՝ հարկային մարմիններից մինչև մանկապարտեզ: Սրանք մանրուքներ չեն, որովհետև կարող են թունավորել մարդու կյանքը կամ առնվազն փչացնել նրա տրամադրությունը: Մեր քայլերն ուղղված են կանոնակարգելու պետության և քաղաքացու հարաբերությունները և բացառելու լարվածությունն ու անվստահությունն այդ հարաբերություններում»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ազգի անվտանգության մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այս խնդիրը մեր պետության, Արցախի և ողջ հայության առջև նորովի ծառացել է Հայաստանի անկախացումից ի վեր: «Անցած ժամկետում հսկայական գործ է արվել, ինչի արդյունքում ապահովվել է հավասարակշռություն հավանական հակառակորդի նկատմամբ: Կտրուկ հզորացվել է պետության պաշտպանական ներուժը: Այդ մասին երկար կարելի է խոսել, բայց ես կարճ ասեմ. մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է ամենամեծ և գլխավոր արդյունքը: Այս արդյունքը մենք պահպանելու և ամրապնդելու ենք: Զգոնություն ու զգաստություն, այդ հատկությունների թուլացում չի լինելու ոչ մի վայրկյան»,– ասել է Սերժ Սարգսյանը։

 

Սերժ Սարգսյանն աբովյանցիներին նաև կոչ է արել քվեարկության օրը՝ ընտրություն կատարելիս, լինել շատ լուրջ, ավելի լուրջ, քան երբևէ, անպայման նկատի առնել, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիական ազատությունները և Հայաստանի ողջ ժողովրդի բարեկեցության կայուն բարձրացումը:


ՀՀԿ նախագահը նաև կոչ է արել այիսի 6-ին բոլորին ակտիվորեն մասնակցել ընտրություններին: «Այս ընտրությունները շատ կարևոր հանգամանք են: Այս ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: Այս ընտրությունների արդյունքներից են կախված, թե որ քաղաքական ուժն է մեր երկրի ղեկին լինելու: Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել»,– ասել է նա:


ՀՀ նախագահը մյուս կողմից նաև խորհուրդ է տվել թշնամանքը չավելացնել: «Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,– ասել է Սերժ Սարգսյանը:


ՀՀԿ նախագահը խոսել է նաև Կոտայքի մարզում քաղաքական պայքարի մասին՝ գնահատելով այն թեժ: «Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին»,– ասել է նա:


Եվ իր ելույթի վերջում ՀՀ նախագահը մի ուշագրավ հայտարարություն է արել։ Մասնավորապես շնորհակալություն հայտնելով ընտրողներին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ ՀՀԿ–ն պատգամավորի թեկնածու չի առաջադրել, պաշտպանում է կոալիցիոն գործընկերներին: «Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին»,– եզրափակել է ՀՀ նախագահը: