Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա՝ մայիսի 3-ին կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Ըստ ՊՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվելու են ՀՀ տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման ու կատարելագործման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:









