Իշխող կուսակցությունն իր քարոզարշավը կամփոփի մայիսի 4-ին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 4-ին իր նախընտրական քարոզարշավն ավարտելու է Հանրապետության երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում անցկացվող մեծ հանրահավաքներով, որոնք կուղեկցվեն համերգներով, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Երևանում ՀՀԿ հանրահավաքը, որն սկսվելու է մայիսի 4-ի կեսօրին՝ ժամը 12:00-ին և ավարտվելու է կեսգիշերին՝ 24:00-ին, անցկացվելու է Հանրապետության հրապարակում:
«Նախագահ ՍերԺ Սարգսյանի ելույթին հաջորդելու է աննախադեպ մեծ համերգ՝ Հայաստանի էստրադային աստղերի մասնակցությամբ, միաժամանակ այդպիսի համերգ է անցկացվելու նաև Գյումրիում: Եվ ուղիղ կապ է լինելու Գյումրիի և Երևանի միջև՝ այսինքն՝ մայրաքաղաքի և հայրաքաղաքի միջև»,- տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ նախագահի ելույթը Գյումրիի հանրահավաք-համերգին մասնակիցների համար կհեռարձակվի և կցուցադրվի մոնիտորների միջոցով:
«Լինելու է աննախադեպ մեծ համերգ, և մենք այս դրական լիցքերով, հաղթական տրամադրությամբ ավարտելու ենք քարոզչությունը»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ մայիսի 5- ը արդեն «լռության օր է», երբ ցանկացած քարոզչություն արգելված է օրենքով:









