«Ժառանգության» անդամները կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը բարձր են գնահատում

12:19 • 02.05.12

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ տեղում գտնվող թեկնածու Թևան Պողոսյանը խորհրդարանում հայտնվելու՝ «Ժառանգություն» կուսակցության շանսերը բարձր է գնահատում:

 

««Ժառանգությունը» հնարավորություն է ունեցել այցելել բոլոր մարզեր, մենք հանդիպել ենք մեր համակիրներին: Համոզված եմ, որ մենք ներկայացված կլինենք և ավելի լայն կազմով: Ես հաջողություն եմ մաղթում ընդդիմությանը, ինչքան շատ ընդդիմության ներկայացուցիչներ լինեն ներկայացված, այնքան կշահի հասարակությունը»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 10-րդ համարի պատգամավորության թեկնածու Արման Մուշեղյանն էլ կոչ արեց ժողովրդին ընտրություն անելուց առաջ չառաջնորդվել միայն այս նախընտրական փուլի ելույթներով:


«Ցանկացած կուսակցության, որ պետք է ընտրեք, մի հատ ուշադիր եղեք թե արդյոք այդ կուսակցության ներսում թույլերը պաշտպանված են: Ինչ է արել այս տարիների ընթացքում այդ կուսակցությունը: Կոչ եմ անում ոչ միայն գնալ ընտրություններին, այլ նաև գնալ ու ընտրել հենց «Ժառանգությանը»»,-ասաց նա:
Արման Մուշեղյանը նշեց, որ պատգամավոր դառնալու դեպքում ինքը դառնալու է խորհրդարանում հաշմանդամների շահերի ներկայացուցիչը:


«Ոչ հաշմանդամ մարդիկ, ովքեր իրենց համար կառուցում են տուն, երբեք չեն մտածում հաշմանդամ մարդկանց մասին: Մենք պետք է ներգրավենք հաշմանդամներին տարբեր սոցիալական աշխատանքների մեջ: Պետք է ներգրավել սոցիալական կյանքում: Ես պետք է նպաստեմ Հաշմանդամների մասին օրենքի փոփոխմանը և այն ավելի լավը դարձնել»,- ասաց նա և ավելացրեց, որ իր առաջին աշխատանքը լինելու է հենց այդ օրենքի վրա աշխատանքը:


Թևան Պողոսյանը, ով նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրենն է, նշեց, որ իր առաջին խնդիրը հասարակական կազմակերպության մասին օրենքի փոփոխումն է լինելու: «Բացի այդ, մենք շատ և շատ օրենքների մշակմամբ ենք հանդես եկել և հիմա այդ ամենը ԱԺ-ում պետք է փորձենք կյանքի կոչել»,-ասաց նա: