«Ժառանգության» ու իմ դիրքորոշումներն իրար չեն հակասում. Թևան Պողոսյան
«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ ունեցած իր և «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումներն իրար չեն հակասում և խնդիր չեն կարող առաջացնել:
«Դա մեռած թուղթ է, այն ընդամենը հարց էր լուծում հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանում և կապ չունի Թուրքիայի հետ: Մեռած փաստաթղթի մասին ես այլևս կարծիք չունեմ, բայց ժամանակին այն իր նշանակությունը ուներ»,- ասաց Պողոսյանը, հիշեցնելով, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Մամուլիս ասուլիսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Արման Մուշեղյանը, ով նշեց, որ այս ընթացքում մարդիկ հաճախ փորձում են դաշտում «սևերի» գտնել, սակայն «Ժառանգությունը» դրանից զերծ է:
«Ժառանգության» կոալիցիոն գործընկերը, համագործակիցը եղել է ժողովուրդը և պետք չէ այստեղ սև ու կարմիր փնտրել»,- ասաց Մուշեղյանը:
Թևան Պողոսյանն էլ ավելացրեց, որ «Ժառանգությունը», լինելով ընդդիմադիր, միշտ գործել է օրենքի տառին համապատասխան, ԱԺ-ում բարձրացրել է հանրությանը հուզող հարցեր:
«Չի կարելի այս ամենը դնել մի կողմ և ընկնել մի բառի հետևից: Հաճախ նաև իմ անունն է շոշափվում: Հաճախ են գրում, թե ես ական եմ, բայց ուզում եմ ասել, որ եթե ես ական եմ, ապա ական եմ բոլորի համար»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:
Հարցին, թե ինչպես կբացատրի ոմանց համար կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաճախ անհասկանալի պահվածքը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Նրա ընկալումները տարբեր են, նա տարբերվում է իր դաստիարակությամբ: Մարդկանց աշխարհընկալման տարբերություն հետ գործ ունենք: Րաֆֆին այն այլընտրանքն է, որը կա և տարբերվում է մյուսներից»։









