Թուրքիայում մայիսմեկյան ակցիաներին մոտ 1 մլն մարդ է մասնակցել, եղել են բախումներ
Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում երեքշաբթի մայիսմեկյան միջոցառումներն անցել են ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ստամբուլում երթը հսկել են ավելի քան 14 հազար ոստիկաններ: Ցույցերին մասնակցել են ձախ կուսակցությունների, իսլամիստական կազմակերպությունների և հակագլոբալիստների ներկայացուցիչները:
«Թուրքիան երիտասարդության շրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է: Մեզ աշխատանքից հեռացնում են՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չվճարելով: Հարկերը գնալով աճում են, իսկ նրանց հետ աճում է նաև գործազրկությունը: Գազի, վառելիքի և էներգակիրների գները ծայրահեղ բարձր են», - հայտարարել է մասնակիցներից մեկը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կառավարության շենքի մոտ ավելի քան 4,000 մարդ էր հավաքվել: Ցուցարարները կառավարող «Արդարություն» կուսակցությանը մեղադրել են կյանքի թանկացման դեմ պայքարել չկարողանալու և բուհական կրթության բարձր վճարների մեջ:
Ակցիաները զուգորդվել են անկարգություններով: Իրավապահները արցունքաբեր գազ և հատուկ միջոցներ են կիրառել: Հարյուրավոր ցուցարարներ տուժել և հիվանդանոցներ են տեղափոխվել:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, մայիսմեկյան ակցիաներին երկրում մոտ 1 մլն մարդ է մասնակցել:









