ԵՊՀ-ն երկու տարի ուշացումով տոնում է իր հրատարակչության 90-ամյակը

15:44 • 02.05.12

Երևանի Պետական համալսարանը հայկական տպագրության 500-ամյակի շրջանակներում թեև «մի փոքր ուշացած», սակայն այսօր տոնեց իր հրատարակչության 90-ամյակը:

 
«Համալսարանական հրատարակչությունը, պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ամենից հին հրատարակչությունն է, որը, թերևս, հստակ ընդգծված ուղղվածություն է ունեցել՝ հատկապես, վերջին մի քանի տարիներին հրատարակելով ուսումնական գրականություն՝ բուհական կրթության համար»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ ԵՊՀ հրատարակչությունը հիմնադրվել է 1920 թ-ին՝ Ալեքսանդրապոլում բացված բուհին զուգընթաց:


Ըստ Արամ Սիմոնյանի՝ ԵՊՀ հրատարակչության ուղին կապված է Մայր բուհի գործունեության հետ. 1920թ-ին Ալեքսանդրապոլում հրատարակվում է համալսարանական առաջին գիրքը՝ ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը:


Բուհի ռեկտորն ընդգծեց, որ 92 տարիների ընթացքում հրատարակչության գործունեությունը երբևէ չի ընդհատվել, նույնիսկ շարունակվել է պատերազմական տարիներին: Այս ամբողջ տարիներին հրատարակչությունում տպագրվել է մոտ 5000 գիրք: Միայն 2011թ-ին ԵՊՀ հրատարակչությունը հրատարակել է 170 անուն գիրք:


Տպագրված գրքերի մեծ մասը, հիմարանում, հրատարակվել է «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի աջակցությամբ, որի օգնությունն, ըստ հիմնադրամի հայկական բաժանմունքի նախագահ Զավեն Եկավյանի, կլինի նաև առաջիկայում:
Հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանն իր ելույթում անդրադարձավ մինչ այդ համալսարանի հրատարակչության կատարած աշխատանքներին: «Հպարտ եմ զգում, որ 14 տարի ղեկավարել եմ հրատարակչությունը, որն այսպիսի անցյալ ունի, հատկապես, բառարանագիտության ասպարեզում»:


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես ներկա էր միջոցառմանը, ով նկատեց, որ միայն այն փաստը, որ նույնիսկ ճակատագրական պահերին այս հաստատությունն իր գործունեությունը չի դադարեցրել, ևս մեկ անգամ փաստում է գրքի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին:


Նախարարը, հատկապես, առանձնացրեց այն փաստը, որ այսօր հրատարակվում են այն գրքերը, որոնք պետք են ժողովրդին: «Միայն գրքերի ցանկը խոսում է հրատարակչության կարևորության մասին: Դրանք այն գրքերն են, ինչ պետք է մեր ժողովրդին»:


Նախարարը Մշակույթի նախարարության պատվոգրով, ինչպես նաև նախարարության Ոսկե մեդալին արժանացրեց «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի նախագահ Զավեն Եկավյանին, ում աջակցությամբ են հավանության արժանանում և հրատարակվում այս գրքերը:


Զավեն Եկավյանին շնորհվեց նաև Կրթության ու գիտության նախարարության Ոսկե մեդալ, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի մեդալին արժանացավ նաև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը: