Գյուղմթերքով բեռնված «ԳԱԶ 24»-ը բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ»-ին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր` օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17.50-ի սահմաններում Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը, վարելով «ԳԱԶ 2410» մակնիշի 28 ՕՍ 760 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին` Սարդարապատ գյուղի հատվածում, բախվել է աջ կողմում կայանված «ԶԻԼ 4505» մակնիշի 28 ՏՍ 066 բեռնատար մեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, իսկ կողքի ուղևորուհին` Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչ Թերեզա Ալոյանը տեղում մահացել է:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վիրավորին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի, Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբի աշխատակիցները` նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալո Ավդալյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարար վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով մահացածը վարորդի մայրն էր:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Բաղդասար Կիրակոսյանը:
Ավտոմեքենան ամբողջովին բարձված էր մրգով:
Այս պահին վթարի վայր է կանչվել քարշակ ավտոմեքենան, որպեսզի այն տեղափոխվի Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










