Կատարը Մավրիտանիայում Սիրիայի դեսպանին է առաջարկել 1 մլն դոլար` ընդդիմության կողմն անցնելու համար
Կատարը Մավրիտանիայում իր դեսպանատան միջոցով այդ երկրում Սիրիայի դեսպանին է առաջարկել 1 մլն դոլար` սիրիական ընդդիմության կողմն անցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով իրանական ու լիբանանյան լրատվամիջոցներին:
Նշվում է, որ դեսպան Համադ Սիդ Ալբնին առաջարկից հրաժարվել է:
Իրանական Press TV հեռուստաալիքի ունեցած տեղեկություններով` Կատարի դիվանագետներն առաջարկել են Ալբնիին 1 մլն կանխիկ գումար ու երկրի մայրաքաղաք Դոհայում մշտական կացության իրավունք: Հեռուստաալիքի համաձայն` սիրիացի դիվանագետի ամսական աշխատավարձը 20.000 դոլար է:
Ալբնին առաջարկն անվանել է «հանդուգն միջամտություն Սիրիայի ներքին գործերին» և Կատարին զգուշացրել զերծ մնալ նման առաջարկներից:
Երկուշաբթի Սիրիայի պաշտոնանկ վարչապետ Ռիյադ Հիջաբը փախել է Հորդանան, բացի այդ ընդդիմության կողմն են անցել Իրաքում, Միացյալ Արաբական Էմիրություններում ու Կիպրոսում Սիրիայի դեսպանները:










