Արաբական երկրների ԱԳ նախարարները Սիրիայի հարցով արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն

16:23 • 11.08.12

Արաբական երկրների արտգործնախարարները Սիրիայի հարցով արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն վաղը, Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր Կահիրեում հայտարարել է Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հիլին:

 

«Հանդիպմանը կքննարկվի Սիրիայում տիրող իրավիճակն ու Քոֆի Անանի պաշտոնը լքելուց հետո այս երկրի շուրջ ծավալվող քաղաքական դրությունը»,- ասել է նա:

Բեն Հիլին հաստատել է այն տեղեկությունը, որ նախարարների խորհրդակցությանը կմասնակցի նաև ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ- Արաբին:

 

Փետրվարի վերջից Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն օրեր առաջ հայտարարել է պաշտոնը լքելու մասին: Նրա լիազորությունների վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է: Հաղորդվում է, որ Քոֆի Անանին այս պաշտոնում կփոխարինի Ալժիրի նախկին արտգործնախարար Լահդար Բրահիմին: