Թբիլիսիի դատարանը տուգանել է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիին

14:35 • 11.08.12

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին այսօր տուգանել է 20. 243.827 լարիով (1 դոլարը հավասար է 1.65 լարիի): Դատարանը քննել է Աուդիտի պետական ծառայության ներկայացրած ակտն ու Իվանիշվիլիին օրինախախտ ճանաչել, հայտնում է Trend գործակալությունը:


Դատարանը պարտավորեցրել է միլիարդատիրոջը տուգանքը վճարել 7 օրվա ընթացքում: Իսկ վերջինս էլ դատարանի որոշումը կարող է բողոքարկել 48 ժամվա ընթացքում:


Աուդիտի ծառայությունն անօրինական է համարել Բիձինա Իվանիշվիլիի ու «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Կախա Կալաձեի հաշվեհամարներից համապատասխանաբար 5.552.135 և 3. 388 992 լարիի կանխիկացումը, քանի որ նրանք չեն ներկայացրել, թե ինչի վրա են ծախսել այդ գումարները: Նրանց առաջարկվել է վերադարձնել այդ գումարները հաշվեհամարներին, սակայն Իվանիշվիլին ու Կալաձեն մերժել են:

Թբիլիսիի դատարանը Կախա Կալաձեին 16.944.960 լարիով տուգանել էր երեկ, իսկ այսօր նրա ճակատագրին է արժանացել նաև կոալիցիայի առաջնորդը: