ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ճգնաժամի հարցով աշխատանքային խումբ կստեղծեն

18:22 • 11.08.12

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Սիրիայում ճգնաժամի հարցով աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի երկրում հնարավոր տարբեր սցենարների վերլուծությամբ, այդ թվում` եթե կառավարական զորքը քիմիական զենք օգտագործի իր հակառակորդների դեմ: Նման պայմանավորվածության են եկել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին:

  

«Հակամարտության ողջ ընթացքում մենք եղել ենք միմյանց հետ մշտական կապի մեջ, սակայն այժմ մեզ անհրաժեշտ է խորանալ նման օպերացիոն պլանավորման դետալների մեջ: Այն պետք է տարվի երկու երկրների կառավարությունների կողմից»,- ասել է Քլինթոնը:

 

Ինչպես նշում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Քլինթոնը նաև ընդգծել է, որ ներկայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակը պետք է լինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի մոտալուտ ավարտը:


«Օպերացիոն պլանավորումը պետք է մոտեցնի արյունահեղության ու Ասադի ռեժիմի ավարտը: Սա մեր ռազմավարական նպատակն է»,- ասել է Պետդեպի ղեկավարը:

Քլինթոնը նաև մտավախություն է հայտնել, որ Սիրիան կարող է դառնալ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների համար թաքստոց: Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ կդիմի յուրաքանչյուր քայլի, եթե սիրիական տարածքից Անկարայի հանդեպ սպառնալիք զգա:


Արևմուտքն ու մի շարք երկրներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ցանկանում են հասնել Բաշար Ասադի հեռացմանը` կարծելով, որ դա վերջ կդնի արյունահեղությանը: Ռուսաստանն ու Չինաստանը կարծում են, որ արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին գործերին ավելի կսրի իրավիճակը: