Մենք հետ չենք մնում դրսի կոսմետիկական կլինիկաներից. միայն լինի ցանկություն և փող. բժիշկ
Մեր հասարակությունը վերջերս զիջել է իր դիրքերը առկա պահպանողական հայացքներում, թե երիտասարդացման տարբեր կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժական միջոցառումները՝ փիլինգ, մաշկի մեզոթերապիա և այլն, նաև SPA երիտասարդեցնող ծրագրերի կուրսերը անիմաստ և վնասից բացի օգուտ չտվող ծախսեր են: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դա Վինչի» կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանը:
Ըստ բժիշկ-կոսմետոլոգի՝ առաջադեմ կանայք մեզ մոտ մի փոքր շատացել են և մշտապես հաճախում են կոսմետիկական կլինիկաներ:
«Բայց, դե, նրանք շատ քիչ տոկոս են կազմում, իմ կարծիքով՝ առաջին հերթին հնարավորությունների հետ է կապված, որովհետև չկա կին, ով հնարավորության դեպքում չցանկանա խնամել իր դեմքն ու մարմինը»,- ասաց բժիշկ-կոսմետոլոգը:
Ի դեպ, ինչպես պարզ դարձավ բժիշկ-կոսմետոլոգի հետ զրույցում, կոսմետիկական կլինիկաների հաճախորդները միայն կանայք չեն, նաև տղամարդիկ են այցելում:
Ավելի կոնկրետ պատասխանելով հարցին, թե ո՞ր խավն է հաճախում նման հաստատություններ, մեր զրուցակիցը նշեց, որ տարբեր խավերից էլ հաճախորդներ կան՝ մեկ ընդհանրությամբ, որ նրանք միջին և հարուստ խավի ներկայացուցիչներ են:
Ի պատասխան հարցին, թե տարածված կարծիք կա, որ նման ծառայությունների դիմող կանայք խուսափում են հրապարակայնությունից, նշեց. «Նայած մարդ, մարդ կա, այո, պահում է թաքուն, չի ուզում որևէ մեկն այդ մասին իմանա, բայց մարդ կա, ընդհանրապես, չի թաքցնում, բոլորին ասում է, հետո իր շրջապատից շատ մարդիկ այցելում են ու նույն պրոցեդուրան ուզում ընդունել: Այնպես որ, ամեն ինչ շատ հարաբերական է, որովհետև կանայք շատ տարբեր են»:
Նարինե Թումանյանը կատարում է մարմնի և դեմքի մաշկի մեզոթերապիա և քիմիական պիլինգներ:
Ի պատասխան մեր այն հարցին, թե նորարարական, տեխնիկական, մատուցվող ծառայությունների առումով, Հայաստանը որքանո՞վ է հետ մնում եվրոպական ու ռուսաստանյան առաջատար կլինիկաներից, և մասնավորապես, կարելի՞ ասել, որ այն, ինչ արվում է այնտեղ, համապատասխան գումարի դեպքում՝ կարվի նաև Հայաստանում, բժիշկ-կոսմետոլոգը նշեց, որ Հայաստանը հաստատ հետ չի մնում: «Մենք շատ լավ մասնագետներ ունենք, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են: Նաև ասեմ, որ դրսից եկող ամենաարդիական դեղանյութերն ու տեխնիկան ևս գալիս է Հայաստան»:
Մեկ երիտասարդացնող կուրսի արժեքը նույնպես ըստ Նարինեի՝ շատ հարաբերական է: Ամեն ինչ կախված է նրանից, թե կինն ի՞նչ տարիքի է, ի՞նչ խնդիր ունի, ինչքանո՞վ է ուզում երիտասարդանալ:
Մասնագետը միանշանակ չի կարող պատասխանել այն հարցադրմանը, թե երիտասարդանալու ցանկություն ու հնարավորություն ունեցող իր մերձավորին ի՞նչ խորհուրդ կտար՝ երիտասարդացնող ո՞ր միջոցից օգտվել՝ բոտո՞քս, լիպոֆիլինգ, ոսկե թելեր, թե՞, այնուամենայնիվ, պլաստիկ վիրաբաժություն:
Սա, ըստ բժիշկ-կոսմետոլոգի, կրկին հարաբերական է, քանի որ մի դեմքը՝ մի միջոցի կարիք ունի, մեկ ուրիշը՝ այլ, կախված դեմքի մաշկի վիճակից, կնճիռների խորությունից ու այլ հանգամանքներից:










