Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնացը կտեղափոխվի, եթե թույլ տան եղանակային պայմանները

13:17 • 11.08.12

Այսօր՝ ժամը 11.30-ին, ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ուղիղ կապ է հաստատել Վրաստանի ներքին գործերի նախարարության, ԱԻ դեպարտամենտի, Վրաստանում Հայաստանի դեսպանատան, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, օգոստոսի 9-ից Վրաստանի Ուշբա լեռան վրա գտնվող Անդրանիկ Միրաբյանին օգնության շտապող փրկարարական խմբի և հենց Միրաբյանի հետ:

 

Կապի հաստատման ժամանակ ներկա է եղել նաև լեռնագնացի մայրը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:


« Խոսեցինք, Անդրանիկն ասաց, որ ամեն ինչ նորմալ է և պայմանավորվածություն կա ուղղաթիռի համար, մոտենում է նաև փրկարարական խումբը»,- հայտնեց Նիկոլայ Գրիգորյանը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին տեղեկություն էր ստացվել, որ Հայաստանի քաղաքացի Անդրանիկ Միրաբյանը լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանում գտնվող Ուշբա լեռը և չի կարողանում ինքնուրույն իջնել:

 

Անդրանիկը խնդրում էր ուղղաթիռ ուղարկել, սակայն փրկարարական աշխատանքներին խանգարում է վատ եղանակը:

 

«Եթե այսօր եղանակային պայմանները թույլ տան, ուղղաթիռը կմոտենա և Անդրանիկ Միրաբյանը կտեղափոխվի»,- հավելեց Նիկոլայ Գրիգորյանը:


Նշենք, որ երեկ էլ ՝ ժամը 16։53-ին, Վրաստանից տեղեկություն էր ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: