Օլիմպիական խաղերի եզրափակչում մեքսիկացի ֆուտբոլիստներին կօգնեն մոգերը

13:47 • 11.08.12

Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում այսօր հանդիպելու են Բրազիլիայի և Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականները: Այս կապակցությամբ Մեքսիկայի ինքնահռչակ գերագույն մոգ Անտոնիո Վասկեսն իր երկրի մարզիկների հաղթանակը երաշխավորող ծիսակարգ է անցկացրել:

Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն, մեքսիկացին մեղադրել է բրազիլացի երկրպագուներին, որ նրանք յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպմանը թմբուկներով, աղմուկ-աղաղակներով ու վառ զգեստներով «կախարդում» են իրենց թիմի հաղթանակը: Այդ շամանական պարերին Վասկեսը հակադրել է «Մեքսիկայի մաքուր ու հին կախարդանքը»:

 

Գերբնական ուժերի օգնությանն են դիմել ոչ միայն մոգերը, այլև Մեքսիկայի կաթոլիկները: Եկեղեցիներից մեկում հաղթանակի համար նրանք աղոթում են ոչ միայն Աստծուն, այլև երկրի թիմի գույներով զարդարված տիկնիկին:


Եվ նման ձգտումը զարմանալի չէ: Մեքսիկայի համար այս հաղթանակը հատուկ կարևորություն ունի, քանի որ օլիմպիական ոսկե մեդալի համար երկրի հավաքականը պայքարում է առաջին անգամ, հաղորդում է ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքը: