ՏԻՄ-ի հանդեպ վերաբերմունքն ընդդիմության թուլության ապացույցներից մեկն է. Հ. Հովհաննիսյան
Սյունիքի, Լոռու, Շիրակի, Արարատի ու Արմավիրի 500-ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սեփական թեկնածուներ չառաջադրելը ընդդիմության թուլության հերթական, գուցե՝ ամենածանրակշիռ ապացույցներից մեկն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովյաննիսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ բոլոր մարզերի 500-ից ավելի համայնքներում, հիմնականում, Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներ ու ինքնաառաջադրված անկուսակցականներ են:
Բոլոր մարզերը միասին վերցրած առաջադրված են՝ մոտ մեկ տասնակ Հայ հեղափոխական դաշնակցության ու «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամներ և մեկական թեկնածուներ «Ազգային ժողովրդավարների միավորումից»՝ ԱԺՄ-ից, Ռամկավար ազատական կուսակցությունից ու «Ժառանգություն»-ից:
Հմայակ Հովաննիսյանն այսօր էլ պնդում է տարիներ առաջ արտահայտած իր պատկերավոր միտքը, թե ժամանակին տեղերում՝ ՏԻՄ համակարգի դերն ու նշանակությունն ըստ արժանվույն գնահատած Հանրապետականի «մետաստազներ տալով » պետք է բացատրել այս կուսակցության իշխանության գալը: Այն դեպքում, երբ ընդդիմությունը նախընտրում է առավել քաղաքականացված՝նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն երկու օր առաջ «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի առաջադրվում տեղերում, նշել էր՝ պատճառը ֆինանսական է:
Հմայակ Հովհաննիսյանին այս փաստարկը զարմացնում է.«Բայց… կան բազմաթիվ հրապարակումներ, լուրեր, որ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀԱԿ-ին և ՀԱԿ-ի պրոբարգավաճական կեցվածքը մի շարք վերուծաբաններ բացատրում են նաև դրանով: Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ էլ բացառում»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահը նաև նշեց, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պարագայում, հաշվի առնելով ԲՀԿ-ի ֆինանսական մեծ հնարավորությունները, դժվար է պատկերացնել, որ Կոնգրեսը կարող էր այդ պատճառով թեկնածուներ չառաջադրել:
«Քաղաքականության մեջ հենց էնպես ոչինչ չի լինում և, եթե Տեր-Պետրոսյանը փառաբանում է Գագիկ Ծառուկյանին, ապա պետք է հաշվի առնել, որ ԲՀԿ-ն, որը ղեկավարում է Հայաստանի ամենամեծահարուստ օլիգարխը, հաստատ ֆինանսական դժվարությունների դեպքում՝ ձեռք կմեկներ»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այլ հարց է, եթե Կոնգրեսը որոշել է պաշտպանել ԲՀԿ-ական թեկնածուներին և դա քաղաքական որոշում է:
Ի՞նչ բացատրություն է տալիս Հմայակ Հովհաննիսյանը Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ՏԻՄ ընտրություններում չառաջադրվելուն, քաղաքագետը միանգամայն տրամաբանական է համարում՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, պաշտպանում է նրա մրցակցին՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:
«Պարզ էր, որ այս պայմաններում Սամվել Բալասանյանը ֆավորիտ թեկնածու է և այդ դեպքում որևէ իմաստ չունի և կասածելի ավարտ կարող էր ունենալ իր (Վարդան Ղուկասյանի-Tert.an) ինքնաառաջադրումը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերվում է Ղուկասյանի կողմից մինչև վերջին պահը՝ ժամը 18:00-ն, ինտրիգը թեժ պահելուն, ապա Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ այս ինտրիգը Գյումրիի գործող քաղաքապետը արեց ՀՀԿ-ի հետ համաձայնեցված: «Այնքան, որքան անհրաժեշտ էր, որպեսզի ԲՀԿ-ն որոշ հավաստիքներ տա իր կեցվածքի վերաբերյալ, մասնավորապես, թեկուզ այն հայտարարությունը, որ արվեց ԲՀԿ-ի կողմից, թե ՀԱԿ-ի կողմից նախագահի իմփիչմենթի հարց բարձրացնելու դեպքում ԲՀԿ-ն նրան չի պաշտպանի»:










