Լեհաստանը ցանկանում է իր ՀՀՊ համակարգը ստեղծել` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ

17:39 • 11.08.12

Լեհաստանը սեփական հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը ստեղծելու հարցում Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ դաշնակիցների հետ համագործակցության հույս ունի: «ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին լեհական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը:


Նրա խոսքով` կառավարությունն իր այս ծրագրում հենվում է զինված ուժերի զարգացման հիմնական ուղղությունների վրա, որոնք նախորդ տարվա նոյեմբերին արժանացել են նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հավանությանը: Առաջնահերթությունների թվում է հակաօդային, այդ թվում` հակահրթիռային պաշտպանությունը:


«Այս ծրագրով որակը (ԶՈՒ) պետք է լինի բացարձակապես նոր մակարդակի վրա: Մենք ցանկանում ենք, որ դա կատարվի Ֆրանսիայի, Գերմանիայի և մեր այլ դաշնակիցների հետ համագործակցության արդյունքում: ՆԱՏՕ-ն շատ է աջակցում նման նախաձեռնություններին: Դա այսպես ասած` «խելացի պաշտպանություն» է»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ սեփական ՀՀՊ համակարգն ունենալու նախագիծը գնահատվում է 10-20 մլրդ զլոտի (3-6 մլրդ դոլար):