Թայվանում տեղի է ունեցել առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

13:17 • 11.08.12

Թայվանում այսօր անցկացվել է առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, ամուսնացել են 30-ամյա Ֆիշ Հուանն ու Յու Յաթինը:

Արարողությունն անցկացվել է Թայվանի Տաոյուան նահանգի տաճարում, Բուդդայի արձանի մոտ, որտեղ սպիտակազգեստ կանայք միմյանց հավատարմության երդում են տվել:


Կանանց օրհնել է բուդդիստ կուսակրոն և Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուեյը: Նա իր հիացմունքն է հայտնել Ֆիշ Հուանին ու Յու Յաթինին` հասարակության քննադատությունից չվախենալու և իրենց իրավունքների համար պայքարելու համար:

Նորապսակների ծնողները ներկա չեն գտնվել արարողությանը: Աղջիկները պատմել են, որ սկզբում նրանց ընտանիքները համաձայնել են ներկա գտնվել, սակայն որոշ հանգամանքների բերումով չեն կարողացել գալ:


Բուդդիզմը չի արգելում միասեռ հարաբերությունները, սակայն կրոնական շրջանակներում մինչ այսօր չկա այս հարցի շուրջ միասնական կարծիք: Ներկայում բուդդիստական միասեռ ամուսնություններ գրանցվում են միայն ԱՄՆ-ում: