Աֆղանստանում տեղակայված օտարերկրյա ռազմաբազաների մեկ երրորդը փակվել է. ՆԱՏՕ

13:52 • 12.08.12

Աֆղանստանի տարածքում տեղակայված օտարերկրյա ռազմաբազաներից ու օբյեկտներից մոտ 400-ն արդեն փակվել է կամ փոխանցվել աֆղանական անվտանգության ուժերին:


Այս մասին մայրաքաղաք Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական հրամանատարության ինժեներական կառավարման պետ Բրայան Վաթսոնը:


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Վաթսոնը հայտնել է, որ ներկայում Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) զորքը տեղակայված է մոտ 800 ռազմաբազայում ու օբյեկտում, որոնցից խոշոր ռազմաբազա են համարվում 12-ը, որոնք գտնվում են Բաղրամում, Շինդանդում, Կանդահարում, Մազարի Շարիֆում:



Օբյեկտներն աֆղանական անվտանգության ուժերին փոխանցվում են իշխանությունների ու զինվորականների հետ պայմանավորվածության գալու արդյունքում, քանի որ հետագայում դրանցից ոչ բոլորն է հարկավոր լինելու աֆղանական ոստիկանությանն ու բանակին:


Ռազմաբազաների փակումը կամ փոխանցման գործընթացը կավարտվի 2013թ.-ի կեսին, իսկ 2014թ.-ին օտարերկրյա զորքն ամբողջությամբ կլքի Աֆղանստանը: