Վրաստանում արգելափակված հայ լեռնագնացն արդեն փրկարարների ճամբարում է

20:36 • 12.08.12

Այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին:


Ըստ ԱԻՆ կայքի՝ հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին:


Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:


Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում:


Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից: