Թշնամին փորձում է անորոշություն սերմանել վրաց հասարակության մեջ. Սաակաշվիլի

17:39 • 12.08.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Դիդգորոբա տոնին նվիրված միջոցառման ժամանակ (նվիրված է Դավիթ Շինարարի` թշնամու դեմ տարած մեծ հաղթանակին) թվարկել է վրաց ազգի 5 գլխավոր սկզբունքները, հայտնում է apsny.ge-ն:


«Դրանք են` միասնությունը, ազատության հանդեպ սերն ու ձգտումը, շինարարությունը, բարեփոխումներն ու հաղթանակը, որոնց անհրաժեշտ է հասնել յուրաքանչյուր ճանապարհով»,- ասել է Սաակաշվիլին` հավելելով, որ այդ սկզբունքները ժողովրդի համար արդիական են եղել և՛ Դավիթ Շինարարի օրոք, և՛ այսօր:


Նրա խոսքով` թշնամին փորձում է վրաց հասարակության մեջ անորոշություն սերմանել: «Եվ հենց անորոշությունն է մեր գլխավոր թշնամին, քանի որ շատ երկրներ վերացել են միայն այն բանի համար, որ չեն իմացել, թե ինչ է իրենց հարկավոր»,- հավելել է նա:


Ըստ Վրաստանի նախագահի` այսօր ևս հնչում են հարցեր` ո՞վ է սկսել 2008թ.-ի պատերազմը, հարկավո՞ր են Վրաստանին ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, «սակայն այս ամենն արվում է հասարակության մեջ կասկածներ սերմանելու նպատակով»:


«Սակայն դեռ Դավիթ թագավորի օրոք մեր կողմից պայքարում էին Խաչակիրները, այնպես որ մենք վաղուց ենք Եվրոպայի մասնիկը»,- ասել է նա:


Նախագահն ընդգծել է, որ Վրաստանը կշարունակի լինել ագրեսիայի ու հարձակումների թիրախ այնքան ժամանակ, քանի կառուցում է իր երկիրը:


«Որքան մենք հաջող կառուցենք նման երկիր, այդքան շատ հարձակում կլինի մեզ վրա, սակայն մեր ազգը պետք է իմանա, որ մենք գնում ենք առաջ, մեր ապագան որոշված է, և դրանում ոչ մի կասկած չկա»,-ասել է Սաակաշվիլին: