Ոստիկաններն ստիպված են եղել սպանել Նյու Յորքով վազող զինված տղամարդուն

14:13 • 12.08.12

Նյու Յորքի ոստիկանները ստիպված են եղել կրակել քաղաքի կենտրոնով վազող դանակով զինված 30-ամյա տղամարդուն, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:


Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր հրապարակից` «Թայմս սքուեր»-ից ոչ հեռու:


Ականատեսների խոսքով` աֆրոամերիկացին մետրոյից դուրս է եկել ու վազել քաղաքի կենտրոնական փողոցներով` թափահարելով մեծ դանակը:


Նկատելով դա` ոստիկաններն սկսել են հետապնդել նրան: Հասնելով տղամարդուն` իրավապահները պահանջել են գցել դանակը, իսկ երբ նա մերժել է, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Երբ սա էլ ազդեցություն չի թողել, հետևել են կրակոցները:


«Նա բղավում էր ու հայհոյում: Այլ կերպ նրան անհնար էր վնասազերծելը»,- պատմել է ականատեսներից մեկը:


Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` տղամարդը ստացել է մի քանի հրազենային վնասվածք ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նրա վարքագծի դրդապատճառները դեռ հայտնի չեն: