ՄԱԿ-ը Համաշխարհային օվկիանոսի պաշտպանության նոր ծրագիր է մշակել

16:29 • 12.08.12

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ներկայացրել է աղտոտումից օվկիանոսների պաշտպանության ու չափից շատ ձկնորսության դեմ պայքարի նոր ծրագիրը, հայտնում է BBC-ին:


Հարավային Կորեայում անցկացվող միջազգային համաժողովում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ասել է, որ ծրագիրը կոչված է արգելակելու ծովի մակարդակի բարձրացմանը, որը սպառնում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքին: 

 

Բան Կի Մունի խոսքով` «Օվկիանոսների մասին պայմանագիր» անվամբ ծրագիրը (Oceans Compact) ռազմավարական պլան է, որը ՄԱԿ-ին թույլ կտա առավել արդյունավետ աշխատել, իսկ արդյունքում` համաշխարհային օվկիանոսի «աղետալի» վիճակը կբարելավվի:


ՄԱԿ-ի տվյալներով` մինչև 2020 թ.-ը կլիմայի փոփոխությունների հետևանքով խմելու ջրի պակաս կարող է զգալ Աֆրիկայի 220 մլն բնակիչ, իսկ մինչև 2030 թ.-ը մոլորակի բնակչության գրեթե կեսը` մոտ 47%-ը: