Սինայում զինված բախումները շարունակվում են. զոհվել է 3 զինվոր և 7 գրոհային

15:45 • 12.08.12

Սինայի թերակղզում, որտեղ շարունակվում է ահաբեկիչների ոչնչացման օպերացիան, գրոհայինները սպանել են 3 եգիպտացի զինվորի, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Press TV-ին:


Համաձայն հեռուստաալիքի` թերակղզու կենտրոնական հատվածում զինված գրոհայինների խումբը հարձակվել է եգիպտացի զորքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 զինվոր:


«ՌԻԱ Նովոստի»-ն իր հերթին մանրամասնում է, որ լույս կիրակի գիշերը կրակահերթի են ենթարկվել եգիպտական բանակի 2 անցակետերը:  Երկու դեպքում էլ գրոհայիններն օգտագործել են նույն տակտիկան` 8-10 հոգանոց ոչ մեծ խմբերը ջիփերով մոտեցել են անցակետերին ու կրակ բացել այնտեղ հերթապահություն իրականացնող զինծառայողների ուղղությամբ, ինչից հետո թաքնվել անապատում:


Իսկ այսօր առավոտյան Սինայի հյուսիսում հերթապահություն իրականացնելիս զինվորականները հայտնաբերել են գրոհայինների 7 հոգանոց խումբ, որոնք կրակ են բացել զինվորների ուղղությումբ: Պատասխան կրակի արդյունքում գրոհայինները սպանվել են: