Վրաստանի Ուշբա լեռան վրա ռուս լեռնագնաց է զոհվել

22:45 • 12.08.12

Վրաստանի Սվանեթի շրջանի Ուշբա լեռան վրա, որտեղ ծանր պայմաններում հայտնվելուց հետո, վերջապես, փրկվել էր հայ 21-ամյա լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը, ողբերգական միջադեպ է տեղի ունեցել:


Լեռան գագաթը մագլցելիս բարձրունքից պոկվել և վայր ընկնելով զոհվել է ռուսաստանցի լեռնագնացը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պարբերականը` հղում կատարելով Մեզթինա շրջկենտրոնի ղեկավարին:


Գագաթը նվաճելուն մասնակցել են 3 ռուսաստանցի. մյուս 2-ը չեն տուժել:


«Կարող եմ հաստատել, որ ռուսաստանցի լեռնագնացը զոհվել է: Տվյալ պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն դա այնքան դժվարամատչելի վայր է, որ շատ դժվար է մոտենալ և զոհվածին դուրս բերել: Սակայն ես հույս ունեմ, որ մոտ ժամանակ փրկարարները կկարողանան դա անել»,- ասել է Մեզթինա բնակավայրի ղեկավար Իլյա Ջափարիձեն:


Նրա խոսքով, լեռնագնացներից մեկը վայր է ընկել: Մյուս 2-ը փրկարարների հետ այժմ փորձում են հասնել նրա ընկնելու վայրը:


Վրացի պաշտոնյան դեռ չի հաղորդել խմբի անդամների անունները և զոհվածի տվյալները:


Ուշբան Մեծ Կովկասի գագաթներից մեկն է, որը գտնվում է Սվանեթիայի բարձրլեռնային գոտում, ՌԴ սահմանից 1,5 կմ հեռավորության վրա: Լեռն ունի 4690 մետր բարձրություն: Գագաթից 10 կմ հարավ արևելք է գտնվում Մեսթինա շրջկենտրոնը:


Տեղի իշխանությունների խոսքով առանց փորձառու ուղեկցորդների՝ զբոսաշրջիկները և լեռնագնացները հաճախ են «նենգ բարձունքի» զոհ դառնում, և ապավինում փրկարարական ջոկատներին:


Օգոստոսի 7-ին վրացի փրկարարները դուրս էին բերել 3600 մ բարձրության վրա պատանդված 4 ռուսաստանցի լեռնագնացների: