Ջավախքի մասին երեք նոր գիրք է հրատարակվել
Հրատարակվել են Ջավախքին վերաբերող երեք նոր գրքեր. այս մասին տեղեկացնում են «Միտք» վերլուծական կենտրոնից:
Առաջին գիրքը «Ջավախքի հիմնահարցի մատենագիտություն»-ն է։ Հեղինակները ներկայացվող գրքույկը համարում են Ջավախքի պատմության և հիմնահարցի ուսումնասիրման նյութերի հասցեները մեկտեղելու և համահավաք տեսքով ներկայացնելու հաջողված փորձ:
Ի մի են բերվել միայն այն հրատարակությունները, որոնք իրենցից ներկայացնում են գրքեր, ժողովածուներ, զանազան ուսումնասիրություններ, վերլուծական հրատարակություններ, հատուկ ուշադրության է արժանացել տվյալ շրջանի մամուլը:
Գիրքը հասցեագրված է նշյալ տարածաշրջանով զբաղվող գիտնականների, փորձագետների, ուսանողների, ինչպես նաև ջավախքասեր ընթերցողների լայն շրջանակի համար:
Երկրորդ գիրքը վերնագրված է` «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի»։ Ներկայացվող նյութերի ժողովածուն իր մեջ ամփոփում է Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ տեղեկություններ: Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծամասամբ ներառված են ներկայիս Վրաստանի կազմում: Վերջիններիս պատմական անցյալի և քաղաքական ներկայի մասին ճշգրիտ և միջազգային իրավական նորմերի լույսի ներքո լուսաբանումը, ըստ հեղինակների, տալիս է շատ հարցերի պատասխաններ:
Հեղինակները տեղեկացնում են, որ «Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի» հրատարակությունն իր մեջ ներառելով համապատասխան թեմաներով աշխատանքներ, լինելու է շարունակական:
Երրորդը՝ «Ջավախքի ժողովրդական հեքիաթներ և զրույցներ» գիրքն է: Այս պատկերազարդ գրքույկում տեղ են գտել Ջավախքի ժողովրդական 17 հեքիաթներ, 12 փոքրիկ պատմություններ և 11 զրույցներ: Ջավախքի ժողովրդական բանահյուսության այս եզակի գանձերը, որոնք պահպանել և մեր մշակույթի երախտավորներին է պահ տվել ջավախահայությունը, իրենց մեջ պարունակում են վերջինիս նիստ ու կացի, կենցաղի, տարբեր սովորույթների ու հավատալիքների բոլոր արտահայտչաձերը: Սյուժեներում ամենուր գերիշխում է արդարությունը, որն արտահայտված է թագավորի, արդար դատաստանների, դավաճաններին, չարերին անխնա պատժելու իրողությունների տեսքով: Այսպիսի հեքիաթների առկայությունը վառ ապացույցն է այն բանի, որ արդարություն կոչված վեհ ու մարդկային զգացումն ի սկզբանե արմատացած է եղել ջավախահայության գիտակցության մեջ, զգացում, որը ծնվելով իր էթնիկ բնօրրանում ապրող հայ ազգի այդ հատվածի հետ` ապրում է նրանից անբաժան:
Ի վերջո` այս հեքիաթներն անփոխարինելի շտեմարան են նրանց համար, ովքեր կուզենան առավել մոտիկից ծանոթանալ հայոց մայր բարբառներից մեկի` «կը» ճյուղին պատկանող Կարնո հիասքանչ նարբառի հետ, որից քիչ է տարբերվում Ջավախքի (Ախալցխա-Ախալքալաք-Ծալկայի) գավառաբարբառը:
Գրքերի հեղինակներից մեկը՝ Վահե Սարգսյանը հայտնում է, թե հնարավոր է հրապարակի վրա լինեն Ջավախքի ժողովրդական բանահյուսության այնպիսի նմուշներ, որոնք համապատասխանում են սույն հրատարակության բովանդակությանը, հրատարակվել են տարբեր վայրերում, սակայն, մինչ օրս «Միտք» կենտրոնի համար եղել են անհայտ: «Շնորհակալ կլինենք, եթե այդպիսիք հայտնաբերվելու դեպքում փոխանցվեն մեզ: Վերջիններս անպայման կկցվեն սույն ժողովածուի նյութերին և կվերահրատարակվեն»,- հայտնում է պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը:










